Հակոբ Արշակյանը ՀՀ կողմից կմասնակցի Մեքսիկայի պատմության մեջ առաջին կին նախագահի երդմնակալության արարողությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Մեքսիկայի Սենատի և Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների բյուրոյի անդամ Սինտիա Լոպես Կաստրոյի հետ:


Ողջունելով հյուրին` Հակոբ Արշակյանը կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացումը:


ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Սենատի անդամներին նախորդ տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար: «Հայոց ցեղասպանությունը հանցագործություն էր ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ մարդկության դեմ: Ընդունելով այս փաստաթուղթը` Մեքսիկայի Սենատն իր ներդրումն ունեցավ մարդկության դեմ ապագա հանցագործությունների կանխարգելման, ինչպես նաև քաղաքակիրթ աշխարհի համախմբման գործում այս համընդհանուր նպատակի շուրջ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:


ԱԺ փոխխոսնակը հյուրին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի կնքման հարցում մեր երկրի կողմից գործադրվող ջանքերը:


Սինտիա Լոպես Կաստրոն բարձր է գնահատել Երևանում անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Մեքսիկայի Սենատի անդամի խոսքով նմանատիպ միջոցառումները նպաստում են երիտասարդների միջև փորձի փոխանակմանը և փոխգործակցության խորացմանը:


Հակոբ Արշակյանը  Հայաստանի կողմից հոկտեմբերի 1-ին Մեխիկոյում կմասնակցի Մեքսիկայի պատմության մեջ առաջին կին նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության արարողությանը: