ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի 19-ին լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման, Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Հանձնաժողովը կքննարկի նաև այն ադրբեջանցիների դեմ բռնաճնշումների թեման, որոնք ճնշումների զոհ են դարձել Ադրբեջանի կառավարությանը հակառակվելու պատճառով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը։
«Ադրբեջանի կառավարությունն ունի մարդու իրավունքների վատ ցուցանիշ: Ըստ Freedom House-ի՝ «Ադրբեջանի ավտորիտար ռեժիմում իշխանությունը շարունակում է մեծապես կենտրոնացված մնալ Իլհամ Ալիևի և նրա մեծ ընտանիքի ձեռքում, ով նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003 թվականից։ Ադրբեջանում կոռուպցիան համատարած է, և ֆորմալ քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիներ տևած հալածանքների պատճառով: Իշխանությունները վերջին տարիներին լայնածավալ ոտնձգություն են իրականացրել քաղաքացիական ազատությունների դեմ»,- ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։