«Կին չես, բեջուռա կենդանի ես», «իդիոտկա». Կանայք առցանց ատելության խոսքի թիրախ. Մտահոգիչ բացահայտումներ ու առաջարկներ

Վերնագրում մեջբերված արտահայտությունն ու էպիտետները պայմանականորեն ամենամեղմն են ատելության խոսքի այն բազմաթիվ օրինակներից, որոնք առկա են «Կանանց թիրախավորող առցանց ատելության խոսքը Հայաստանում»  հետազոտական զեկույցում։ Ատելության խոսքը (անգլ.՝ Hate speech)   արտահայտվելու բոլոր ձևերն են, որոնք տարածում, հրահրում, խթանում կամ արդարացնում են ազգային, սեռական, գենդերային, կրոնական, քաղաքական, սոցիալական և այլ հիմքերով ատելություն, այլատյացություն, անհանդուրժողականության վրա հիմնված ատելության այլ ձևեր՝ ներառյալ անհանդուրժողականություն՝ արտահայտված անհատների կամ խմբերի դեմ ագրեսիայի, խտրականության, թշնամանքի, վիրավորանքի ամենատարբեր արտահայտումներով և բռնության կոչերով։  Հետազոտության հեղինակը փաստում է, որ հայաստանյան մեդիա տիրույթում ատելության խոսքի չափաբաժինը «մտահոգիչ մասշտաբներ ունի»։ Առավել ինտենսիվ և հանրության համար տեսանելի կերպով այն տարածվում է սոցիալական մեդիայի՝ զանգվածային լրատվամիջոցներին պատկանող էջերում։ «Այս էջերում հրապարակումների ներքո առկա մեկնաբանությունների դաշտը յուրահատուկ հանրային տարածք է, որտեղ ցանկացած օգտատեր իր ինքնությանը համապատասխան կամ կեղծ օգտահաշվի միջոցով կարողանում է հրապարակել ցանկացած տեքստ։ Մեծ թվով օգտատերեր այս հնարավորությունն օգտագործում են հանրային կերպարներին, այդ թվում՝ կին հանրային և քաղաքական գործիչներին թիրախավորելու համար»,- նշված է զեկույցում։ Այս երևույթը, ըստ հեղինակի, վնասակար և վտանգավոր է ոչ միայն իր անկառավարելի բնույթի պատճառով, այլ նաև այս տեքստերի բարձր տեսանելիության ու լայն հասանելիության պատճառով, ինչն իր հերթին մեծացնում է վնասի չափը, ընդլայնում ատելության խոսքի աշխարհագրությունը։  «Մյուս կողմից, շատ կարևոր է, որպեսզի լրատվամիջոցները պատասխանատվություն ստանձնեն ոչ միայն իրենց կողմից հրապարակված նյութերի, այլև դրանց արդյունքում սոցիալական մեդիա հարթակներում ձևավորվող քննարկումների համար և վերահսկեն այդ գործընթացներն ու մոդերացնեն մեկնաբանությունների բովանդակությունը, որոնք պարունակում են ատելության խոսք»,- մասնավորապես առաջարկվում է զեկույցում։

 

Ֆեյսբուքյան 38 լրատվական էջերից հետազոտության հեղինակը դուրս է բերել 2021, 2022 և 2023 թվականներին հրապարակված թվով 3553 հանրային հրապարակում, որոնցից առանձնացվել են առավել քննարկվածները՝ հիմք ընդունելով մեկնաբանությունների քանակը, որպես ցուցանիշ ընտրելով 300-ից ավելի մեկնաբանություն ունեցող հրապարակումները։ Հետազոտական նպատակով նյութը հավաքելու և դասակարգելու համար սահմանված միջակայքը 2021-ի հունվարի 1-ից 2023-ի դեկտեմբերի 31-ն է, այլ կերպ ասած` 2020-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո ընկած ժամանակահատվածը:

 

Ըստ զեկույցի՝ 2021 թվականին՝ ԼՂ երկրորդ պատերազմին հաջորդած տարվա ընթացքում, փողոցային պայքարի, ընտրական գործընթացների ֆոնին (20 հունիսի 2021թ.) գրանցվել են ամենից շատ ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները, մինչդեռ հաջորդող երկու տարիների (2022-2023թթ.) ընթացքում նման ակտիվությունը և օգտագործված նվաստացնող բառապաշարն աստիճանաբար թուլանում են։

 

Քաղաքական թեմայով հրապարակումները՝ ատելության խոսքի «գեներատոր»

 

Ատելության խոսքի ամենամեծ բաժինը քաղաքական թեմաներով հրապարակումների շուրջ են, անկախ նրանից՝ թիրախավորված անձը քաղաքական գործիչ է, թե ոչ։ Այն անձինք, որոնք մշակույթի և արվեստի ոլորտից են, բայց քաղաքական դիրքորոշում են արտահայտում, թիրախավորվում են դարձյալ քաղաքական հայացքների համար, ավելին, իրենց ոլորտին վերաբերող հրապարակումների մեկնաբանությունների բաժնում առկա ատելության խոսքը նույնպես վերաբերում է իրենց քաղաքական դիրքորոշմանը։

 

Մեկնաբանությունների զգալի մասն արձագանք է մեդիայի ընտրած վերնագրին, այլ ոչ նյութի բովանդակությանը, որտեղ հրապարակումների ներքո թողնված մեկնաբանությունները մեծ քանակով հավանումներ (like) են ստանում, եթե դրանք փաթեթավորված են որպես «սրամիտ» ու «հումորային» արտահայտություններ (հիմնականում խտրական և կարծրատիպային), սուր քննադատություններ են ուղղված տվյալ անձին կամ նրա հնչեցրած մտքին։ Մինչդեռ հայհոյանքներն (հատկապես՝ սեռական բնույթի) ու բռնության կոչերն անհամեմատ ավելի քիչ հավանումներ են ստանում։

 

Դուրս բերված մեկնաբանությունների 12%-ը սեռական կամ այլ բնույթի բռնության կոչեր են, իսկ 20%-ը՝ հայհոյանքներ, որից 11%-ը՝ սեռական բնույթի։ Այս բնույթի մեկնաբանություններում տարածված է կնոջ ընտանիքի թիրախավորումը՝ բռնության կոչեր և հայհոյանքներ՝ ուղղված երեխաներին, ծնողներին, և հանդիմանանք ու պարսավանք՝ հայրերին, ամուսիններին և եղբայրներին տվյալ կնոջ «վարքով և կերպարով չզբաղվելու» համար։      

 

Ատելության խոսքը, ինչպես նշված է հետազոտության մեջ,  ոչ միշտ է ուղղված որևէ անհատի, այն թիրախավորում է նաև խմբերի։ Ըստ հետազոտության արդյունքների՝ սոցիալական հարթակներում թիրախավորվող հիմնական խմբերը քաղաքական հայացքներ կիսող խմբերն են, և կարելի է որպես խումբ դիտարկել ատելության խոսքով թիրախավորված անձի ընտանիքը։ Քաղաքական հայացքների հիմքով թիրախավորումը դրսևորվում է ոչ միայն աշխարհաքաղաքական կամ հայաստանյան քաղաքական գործընթացների վերաբերյալ դիրքորոշումների տարբերությունների նկատմամբ անհանդուրժողականությամբ, այլև ավելի հաճախ բավականին նեղ՝ կուսակցական պատկանելության, քաղաքական այս կամ այն առաջնորդին սատարողներին թիրախավորման միջոցով։ Մինչդեռ խմբի թիրախավորման մյուս դեպքն անձնական կյանքը թիրախավորող ատելության խոսքն է, որը հիմնվում է անձին վերաբերող նեղ անձնական տեղեկությունների և դրանց միջոցով զրպարտությունների շրջանառման վրա, որի միջոցով անձը ներկայացվում է որպես անպարկեշտ, բարոյական արժեքներից և սկզբունքներից զուրկ մարդ։ Նման վատաբանումները կիրառվում են նսեմացնելու համար անձի մասնագիտական որակները, պրոֆեսիոնալիզմն ու ազնվությունը։ Ընտանիքը թիրախավորող ատելության խոսքը հաճախ թիրախավորում է հանրային գործունեություն ծավալող կնոջ ընտանիքի որոշակի անդամների, ովքեր, համաձայն մեկնաբանողի համոզմունքների, «պատասխանատու են» իրենց ընտանիքների կանանց բռնության ենթարկելու և հանրային քաղաքական ասպարեզում այդ կանանց գործունեությունն արգելելու համար։ Խմբի թիրախավորումը կազմում է ընդհանուր տվյալների 15.3 տոկոսը կամ 1530 մեկնաբանություններից 233-ը։ Այս թվում են հիմնականում քաղաքական հայացքների հիմքով ատելության խոսքը և անձնական կյանքը, ընտանիքը թիրախավորող մեկնաբանությունները։

 

Արդարադատության նախկին նախարարը՝ ատելության խոսքի տարածող և թիրախ

 

«Պատերազմին հաջորդող տարվա ընթացքում՝ հատկապես նախընտրական շրջանում, քաղաքական առաջնորդների ելույթներում առանձնապես ակնհայտ էին ատելության խոսքի դրսևորումները, մասնավորապես՝ բռնության կոչեր, կանանց նսեմացնող կամ գենդերային դերով պայմանավորված կարծրատիպային արտահայտություններ»,- նշված է  հետազոտության մեջ և որպես օրինակ  բերվել է մասնավորապես  ընդդիմադիր քաղաքական գործիչ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքից մեջբերումը, որում վերջինս հանրապետության վարչապետին «խորհուրդ է տալիս ինքնասպան լինել»։  Լրատվական գործակալությունները նյութը տարածելիս որպես վերնագիր  ընտրել են հենց ատելության խոսքը՝ զայրույթ հրահրելով և ատելության խոսքի մի նոր ալիք բարձրացնելով մեկնաբանությունների բաժնում։ «Մեծ լսարան ունեցող անձանց նման վարքագիծը սպառնալիք է մի քանի շերտերով։ Ամենից ազդեցիկն ատելության խոսքի, բռնության քարոզի և գենդերային կարծրատիպերի ամրապնդումն ու լեգիտիմացումն է, որն իր հերթին կանանց դրդում է հեռու մնալ, պասիվանալ հանրային պաշտոններից և մասնագիտություններից, խուսափել դիրքորոշում արտահայտելուց կամ պարզապես թողնել ոլորտը։ Հաջորդ կարևոր բացասական ազդեցությունը լրատվամիջոցների էջերում շրջանառվելու արդյունքում նոր ատելության խոսքի գեներացումն է, երևույթի մասսայականացումը տվյալ հրապարակման մեկնաբանություններում կամ այլուր։ «Մյուս կողմից հե՛նց մեդիաներն են նպաստում ատելության խոսքի ծավալներին և ինտենսիվությանը՝ վերնագրերում տեղադրելով զայրույթ և հակակրանք առաջացնող բովանդակություններ՝ լավ իմանալով, որ բազմաթիվ օգտատերեր կարդում են նյութի միայն վերնագիրը՝ ոչ բովանդակությունը»,- կարդում ենք հետազոտական զեկույցի հետագա տողերում։

 

Առաջարկներ

Զեկույցի հեղինակը  փաստել է, որ չնայած կիրառված որոշակի ջանքերին, ատելության խոսքի դեմ պայքարի համատեքստում ՀՀ օրենսդրությունն ունի զգալի բացեր և բախվում է մարտահրավերների, մասնավորապես՝ առցանց տիրույթում, և մի շարք առաջարկություններ է արել։ Մասնավորապես՝ օրենսդրորեն սահմանել «ատելության խոսք»-ը, ատելության խոսքին և դրա բնույթին առնչվող հարակից տերմիններն (առցանց ատելության խոսք, թշնամանք, բռնության սադրում, հայհոյանք, սեռական բնույթի հայհոյանք, խտրականություն) ու դրանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցները և պատասխանատվության ձևերը իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, որոնք մի կողմից՝ ստանձնում են դրանց մոդերացիան, մյուս կողմից՝ հանդիսանում են տարածողը։

 

Մշակել թվային լուծումներ, որոնք թույլ կտան ավտոմատ կերպով նույնականացնել հայերենով, հայերեն լեզվով՝ լատինական և կիրիլատառ այբուբեններով ատելության խոսք պարունակող բովանդակությունները՝ սոցիալական մեդիայում հրապարակված գրառումների մեկնաբանությունների դաշտում։ Թվային լուծումները կարող են նպաստել ատելության խոսքի նույնականացմանը՝ մշտադիտարկման միջոցով։

 

Հանդես գալ օրենսդրական բարեփոխումների առաջարկներով և կրթական հաստատություններում ատելության խոսքը բացառող նախաձեռնություններով, որոնք համապատասխանում են միջազգային կրթական նորմերին և ստանդարտներին։ Բոլոր տեսակի կրթական հաստատությունների (նախակրթական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատություններ) համար մշակել ատելության խոսքի դեմ պայքարի, էթիկական հաղորդակցության և առցանց վարքագծի քաղաքականություններ։

 

Նշենք, որ հետազոտությունն իրականացվել է «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի կողմից, «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի «Հզորացնելով կանանց. թվային պաշտպանություն ատելության խոսքի դեմ» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։


Հ. Մ.