Զազրախոսության ռեկորդակիրը «Հոկտեմբերի 27» տեսած ԱԺ-ում հոլովում էր «մեռելոց», «արյուն» և «սպանդ» բառերը

Այսօր խորհրդարանական ընդդիմության կարկառունների ուղեկցությամբ ԱԺ ժամանած Վազգեն Գալստանյանն անթաքույց ցանկություն ուներ  հանդիպել մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  հետ, որի ներկայացուցիչներին,  ի դեպ, «զազրախոսներ» անվանեց։ «Եկել եմ, եթե ուզում են՝ կհանդիպենք, սիրով, մանավանդ որ այդքան զազրախոսել են, խոստովանության ժամ էլ կարող է լինել՝ ինչու են զազրախոսել»,-հայտարարեց արքեպիսկոպոսը՝ ապացուցելով, որ ինքը անտաղանդ քաղաքական շոումեն լինելուց զատ նաև տաղանդավոր ցինիկ է, այլապես քաղաքական կուսակցությանը  զազրախոսության մեջ չէր մեղադրի մեկը, որը զազրախոսության ռեկորդակիր է դարձել իր քաղաքական գործունեության մի քանի ամիսների ընթացքում։

 

Մասնավորապես՝ ժողովրդի կողմից ընտրված քաղաքական ուժի ներկայացուցիչ վարչապետին անվանել «նեռ», «չարիք»,«ստախոս» և այսպես շարունակ։ (Զազրախոսության ասորտիմենտի «թոփ եռյակը» )։ Ինչն է ապշեցուցիչ մոտ 10 րոպե տևած բրիֆինգի սկզբնամասում զազրախոսությունից գանգատվող եկեղեցու սպասավորը կեսից տրվեց իր տարերքին՝ զազրախոսությանը, թարմացնելով արդեն հայտնի ասորտիմենտը, իշխանությանն անվանելով «արյունատենչ», «ժողովրդասպան», «լրիվ ստախոս»։

 

Գալստանյանի հուշարարները, մասնավորապես  նրա «նապարնիկ» ՀՅԴ-ական Գառնիկ Դանիելյանը տեսնես ինստրուկտաժ արե՞լ էր սրբազան հորը, որ ԱԺ-ն մի վայր է, որտեղ 1999-ին, երբ երկրիս նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ԱԱ նախարարը՝ Սերժ Սարգսյանը, որոնց  հետ օրերս հանդիպել է, տեղի է ունեցել ժողովդասպանդ արյունատենչների ոհմակը, որոնց  «գլավարը»  դաշնակցական անցյալ ուներ, գլխատել է երկրիս ԱԺ-ն ու կառավարությունը։ Այնպես որ, ԱԺ-ն այն վայր է, որտեղ «սպան» և «արյուն» բառերը հոլովելիս պետք է չափազանց զգուշավորություն ցուցաբերել, այն էլ, երբ նման բառերը արտաբերվում են ռևանշիզմի ոխով լցված սերժաքոչարյանական կուրացիայի տակ գտնվող պատգամավորների ներկայությամբ։   

 

Զազրախոսության թեմային  «սրբազան հայրը» անդրադարձել է նաև բրիֆինգի եզրափակիչ հատվածում։ Փաստացի՝ զազրախոսության մեջ մեղադրելով  ՔՊ-խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին ( նա կայքերից մեկի հետ զրույցում նշել էր, թե Բագրատ Գալստանյանի համհարզները դեռ հունիսին  բանակցել են իր հետ՝ հորդորելով՝ «քեզ եթե նորմալ, զուսպ պահես, քեզ ձեռք չենք տա, եթե մտնենք ԱԺ»), նետել է՝ «նրանք ոսկու ստրուկներ են»։ Ապա հավելել է՝ թող անուններ տա«Մենք որոշակի դատական գործընթացներ ունենք բոլոր զազրախոսների դեմ։ Գիտեք՝ civiс.am-ի լրագրողի մասով դատական գործընթաց ունենք, խմբակցության քարտուղարի դեմ, չարիքի դեմ ենք հարուցել՝ իր արտահայտությունների համար՝ իր գործակալներն էլ հետը։ Ես մեր իրավաբաններին խնդրել եմ, որ նրա (Հովիկ Աղազարյանի-խմբ) դեմ  էլ, իրավական հիմքերը տեսնեն, եթե կան  հիմքեր, դատական գործ հարուցենք։ Ով բերանը բացել, զազրախոսել է, պատասխանը պետք ա տա։ Շատ պարզ է, ես ասել եմ՝ մեր երկրում մարդ չպիտի լինի, որ իր ասածի համար պատասխան չտա, և իրա արածի համար, բնականաբար․․․․Ես գտնվում եմ ԱԺ շենքում, էդ բոլոր զազրախոսները, ովքեր կային ծվարած էս սենյակներում, մեր հաշվին փող աշխատող, այստեղ եմ ես։ Հիմա ասելիք կունենա՞ն։ Ունե՞ն ասելիք, թող գան, ասեն։ Իրենց որ պատառոտում էին, կարո՞ղ են գալ, ասել, թող գան ասեն։ Եկել եմ իրենց դուռը, մեռելոցի առիթով»։

 

Իմիջիայլոց, այս վերջին՝ «մեռելոցի առիթով»  (փաստորեն՝ նրա համար մեռելոցը  «առիթ» է, ոչ թե՝ ննջեցյալի ոգեկոչման արարողություն) բառի վրա որոշ լրագրողներ քրքջացին, դե իսկ Աստծո անունից հանդես եկող սրբազան հայրն էլ հազիվ կարողացավ զսպել ծիծաղը։ Բարոյականության ինչպիսի՜ ցուցադրություն։

 

Մի  հարցում սրբազանն, իրոք, իրավացի է՝ որպես ռեկորդակիր զազրախոս նա բոլոր տվյալներն ունի դատարանի առաջ կանգնելու և իր բերանից դուրս եկած բառերի համար պատասխան տալու։

 

Աստված «նեռից» ու դրա անունը հոլովող հոգևորականներից հեռու պահի։

ՀՄ