Ֆրանսիայի Սենատի բարեկամական խումբը շուրջ 80 սենատորների ստորագրություն է հավաքել և դիմել կառավարությանը, որպեսզի սանկցիաներ կիրառվեն Ալիևի ընտանիքի նկատմամբ. Նարեկ Զեյնալյան
Օրեր առաջ Ֆրանսիայում էին գտնվում ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Էմմա Պալյանը, Հրաչյա Հակոբյանը, Բաբկեն Թունյանը և Գևորգ Պապոյանը։ Ֆրանսիա կատարած այցելության շրջանակներում պատգամավորները հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նորընտիր ղեկավար Անն-Լորանս Պետելի և բարեկամական խմբի անդամների, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների և Վալերի Բուայեի հետ։ 

Այցի մանրամասների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ։  

Նա նշեց, որ այցը կարող է բաժանել երկու մասի՝ քաղաքական հանդիպումներ և առողջության համապարփակ ապահովագրության Ֆրանսիայի փորձի ուսումնասիրության հետ կապված մի շարք հանդիպումներ։ 

«Քննարկել ենք և ՀՀ-ի, և ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, անվտանգային հարցեր, առանձնահատուկ շեշտադրումներ ենք արել ԵՄ դիտոդական առաքելության կարևորության վրա, թե դա ինչքան կարևոր է, և որ արդեն իսկ իր արդյունքները որոշակիորեն առկա են: Առաջարկել ենք, որ իրենց կողմից որոշակի ջանքեր գործադրվեն, որպեսզի առաքելության դիտորդների թիվն ավելացվի, ինչպես նաև ժամկետը երկարաձգվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, թեև 200 հոգին պակաս թիվ չէ, բայցևայնպես այն հատվածում, որտեղ կան առաքելության դիտորդներ, այդտեղ Ադրբեջանի ագրեսիան կամ նվազել է, կամ չկա ընդհանրապես, իսկ այն հատվածներում, որտեղ դիտորդներ չկան, ըստ էության Ադրբեջանի կողմից ունենք ագրեսիա։ Դա մատնացույց արվեց։ Եվ առաջարկեցինք, որ քննարկեն դիտորդների թվի ավելացում՝ առնվազն երկու անգամ»,- ասաց Նարեկ Զեյնալյանը։

Նա նաև նշեց, որ ֆրանսիացի գործընկերներն իրենց համաձայնությունը հայտնեցին և այդ ուղղությամբ որոշակի ջանքեր կգործադրեն։
Պատգամավորը տեղեկացրեց, որ հանդիպումների ընթացքում նաև կարևորել են ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի բացման հետ կապված, և դա, ըստ էության, պարտադիր կատարման ակտ է Ադրբեջանի համար, բայց, այնուամենայնիվ, Ադրբեջանն անտեսում է այդ ակտը և չի կատարում։

«Առաջարկեցինք, որ իրենց կողմից որոշակի գործնական քայլեր կիրառվեն՝ պարտադրելու Ադրբեջանին ակտի կատարումը։ Իրենք արդեն իսկ նախաձեռնել էին որոշակի գործողություններ, դիմել էին կառավարությանը, մասնավորապես Սենատի բարեկամական խումբը շուրջ 80 սենատորների ստորագրություն էր հավաքել, և դիմել էին կառավարությանը, որպեսզի սանկցիաներ կիրառվեն Ալիևի ընտանիքի նկատմամբ: Այդ առաջարկությունը նաև մեր կողմից հնչեց, որ նման գործողություններով սանկցիաներ կիրառվեն և Ադրբեջանի նկատմամբ, և Ալիևի ընտանիքի անդամների նկատմամբ, որպեսզի պարտադրեն Ադրբեջանին Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ այդ ակտը իրականություն դարձնել»,- ասաց Նարեկ Զեյնալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում     
  
Լիլիթ Թադևոսյան