Պլացդարմ դառնալուց անցում է կատարվում ՀՀ-ի՝ տարածաշրջանում գործոն լինելու տեսլականին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ և այսօր գրառումներ է կատարել։ Երեկվա գրառման մեջ վարչապետը մասնավորապես ասել է․

 

«Համոզմունքս այն է, որ մեր ժողովուրդը շատ վաղուց է կատարել իր ընտրությունը՝ հօգուտ իրական Հայաստանի: Բայց մենք՝ տարբեր ժամանակներում կառավարողներս, նրան չենք լսել, այլ ըստ էության մեր ժողովրդին պարտադրել ենք ապրել «պատմական ցիկլի» մեջ:

 

Հենց սրա համար է, որ պետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից ու ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը»:

 

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ։

 

«Ես հասկանում եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը փոխվում է Հայաստանի ինքնաբավության, այսինքն՝ ինքնաբավությունն ամենևին չի նշանակում, որ Հայաստանն ունենում է  անիրականանալի կամ անհամաչափ մեծ հավակնություններ, այլ պարզապես նշանակում է, որ Հայաստանը ելնում է այն աշխարհաքաղաքական և պատմաքաղաքական իրողություններից, որոնք առկա են և դրա հիման վրա, ըստ էության, կառուցում է իր պետականությունը։ Դա նշանակում է, որ այլ պետությունների համար պլացդարմ լինելուց անցում է կատարվում Հայաստանի՝ տարածաշրջանի գործոն լինելու տեսլականին։ Ինչը նշանակում է, որ անկախ իր քաղաքական ներուժի չափից, մակարդակից, Հայաստանը փորձ է անելու ընդունել ինքնուրույն քաղաքական որոշումներ և կատարել ինքնաբավ քաղաքական քայլեր, որոնք հնարավորինս թելադրված չեն լինի որևէ աշխարհաքաղական կենտրոնի քմահաճույքներով»,- ասաց Արտաշես Խալաթյանը։

 

Նա նշեց, որ հայտնի է, որ Հայաստանը տվյալ պարագայում Ռուսաստանի կողմից նաև օգտագործվել է որպես միջոց՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, այսինքն՝ այդ միջոցներից մեկն է ընկալվել, այդ թվում նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը Ռուսաստանի այս կամ այն չափով խոչընդոտելը պայմանավորված է Հայաստանի ինքնուրույն գործոն դառնալը կանխելու հանգամանքով։

 

Մանրամասները տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան