ԵՄ-ին անդամակցելը միակողմանի և նույնիսկ երկկողմանի գործողություն չէ. պետք է նոր հիասթափություն չառաջացնենք մեր ժողովրդի շրջանում. Փաշինյան

Եվրամիության հետ կապված Հայաստանի հետագա անելիքները պետք է լինեն թափանցիկ, թափանցիկ պետք է լինեն նաև Եվրամիության գործընկերների մտադրությունները։  Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանն այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: 


«Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանում իմ արած հայտարարությունից հետո այդ հարցը քաղաքական օրակարգի անբաժանելի մաս է՝ թե արդյոք Հայաստանը պաշտոնապես պետք է որդեգրի Եվրամիությանն անդամագրելու ուղեգիծ։ Բայց այստեղ պետք է հասկանանք, որ դա միակողմանի գործողություն չէ, և նույնիսկ երկկողմանի գործողություն չէ։ Այստեղ է, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք խնդիրներ ձևակերպելիս, որպեսզի այդ խնդիրների լուծման ճանապարհին նոր հիասթափություններ չառաջացնենք մեր ժողովրդի շրջանում։ Պետք է նաև ֆիզիկապես պատկերացնել Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը։ Այստեղ շատ կարևոր է Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները, այստեղ շատ կարևոր է Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների զարգացումը։ Եվ այս համատեքստում շատ կարևոր է Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ինչպես կզարգանան»,-ընդգծեց Փաշինյանը։


Վարչապետի խոսքով՝ Հայաստանը հանգամանքների բերումով չէ ժողովրդավարություն որդեգրել, այլ դա Հայաստանի ռազմավարությունն է։