«Բանդան ՀՀ-ում նոր «Հոկտեմբերի
27» էր նախապատրաստում. ձերբակալվածների թիվը կմեծանա»: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում
ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝
անդրադառնալով ԱԱԾ-ի բացահայտմանը, ըստ որի՝ Հայաստանի քաղաքացիներ ու ԼՂ-ի
նախկին բնակիչներ զինված հեղաշրջման նախապատրաստական աշխատանքների մեջ են ընդգրկվել ՌԴ-ում, որից հետո պետք է վերադառնային Հայաստան ու փորձեին հեղաշրջում իրականացնել:
Ըստ Խաչատրյանի՝ ՀՀ քաղաքացիներին
ուղարկել են Դոնի Ռոստով, որպեսզի իբր վարժական հմտություններ ձեռք բերեն և վերադառնան՝
ՀՀ-ում զինված ծառայություն իրականացնեն, բայց իրական նպատակը եղել է ահաբեկչություն
իրականացնելը. «Նրանք այնտեղ պատրաստվում էին որպես մասնագիտացված ահաբեկիչ ՀՀ-ի դեմ
գործելու համար։ Որոշները հրաժարվել են մասնակցել այդ վարժական միջոցառումներին, իսկ
մյուս մասը շարունակել է, և կարևորը այն է, որ արդեն ձերբակալվածներ կան»։
Խաչատրյանը կարծում է, որ նախապատրաստական
աշխատանքներին ավելի շատ մարդիկ են մասնակցել. «Կարծում եմ, որ 7 հոգով չէր սահմանափակվում,
կարծում եմ՝ տասնյակ անձինք ենք ընդգրկված եղել բանդայի մեջ, որոնք պետք է ոստիկանության
զորքերի դեմ գործեին և պետական իշխանության դեմ իրենց գործողությունները պետք է ավարտին
հասցնեին։ Հանցափորձը կարելի է համարել չավարտված, որովհետև ուժային կառույցները շատ
լավ են աշխատել»։
Պատգամավորը նշեց, որ նման դեպքերին
պետք է լուրջ վերաբերվել, իսկ այն անձինք, որոնք ներգրավված են նման գործողությունների
մեջ, պետք է ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն. «Դա բարոյական առումով
հայրենիքի դավաճանություն է»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան