Կրեմլը արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի գնահատականներին

Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ նրա գնահատականի հարցում, կազմակերպությունից որևէ վտանգ չի բխում հանրապետության ինքնիշխանության համար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


 Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական համաժողովում հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում մոտ է «անդառնալիության կետին»։ Նրա խոսքով՝ «կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար»։


«Պետք է կտրականապես չհամաձայնենք պարոն Փաշինյանի հետ: ՀԱՊԿ-ից Հայաստանի ինքնիշխանության համար որևէ վտանգ չի կարող բխել և չի բխում: Ընդհակառակը, այս կազմակերպությունը պահպանում է անդամ-երկրի ինքնիշխանությունը: Բայց մենք այս դիրքորոշումը համբերատար կերպով կհասցնենք Հայաստանի ղեկավարությանը»,- լրագրողներին ասել է նա։


ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և կշարունակի շփումները Հայաստանի հետ։


«Մենք շարունակում ենք և կշարունակենք շփումները Հայաստանի հետ: Անկասկած, նա մեր մտերիմ գործընկերն է», - ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կշարունակվե՞ն Մոսկվայի և Երևանի միջև շփումները։