Համակարգչային հափշտակությունից տուժած քաղաքացին ինքն է դարձել համակարգչային խարդախության հանցակից․ ՔԿ-ն մանրամասնում է
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Քննչական կոմիտեն բացահայտել է սոցիալական ցանցի օգտագործմամբ խոշոր չափերով խարդախության հերթական դեպքը: Ինչպես տեղեկացրին Քննչական կոմիտեից, ձեռք բերված փաստական տվյալներով ինքնությունները դեռևս չպարզված անձինք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում զետեղված «Natixis», «NATIXIS GROUP» և «CaixaBank» անվանումներով էջերում տեղադրել են «վարկի տրամադրման մատչելի պայմաններ» և համանման այլ վերնագրերով գովազդներ։ Նշված էջերում տեղադրված հեռախոսահամարներով իրենց հետ կապ հաստատած քաղաքացիներից նրանք պահանջել են տարբեր անձանց անվամբ տվյալներով իրականացնել դրամական փոխանցումներ։
«Դրամական միջոցներն ստանալուց հետո, նրանք չեն ապահովել վարկերի տրամադրումը՝ հափշտակելով դրանք:
2021 թ․ հուլիսին 10 հազար ԱՄՆ դոլարի չափով վարկ ստանալու նպատակով բջջային հավելվածով հիշյալ անձանց հետ կապ է հաստատել Արարատի մարզի 40-ամյա բնակչուհին, ում հետ շփումների ընթացքում նրանք վարկի տրամադրման իրական լինելու վերաբերյալ խեղաթյուրված տեղեկություններ հայտնելով, չարաշահելով կնոջ վստահությունը, վարկի տրամադրման հետ կապված նոտարական և ապահովագրական ծախսեր կատարելու պատրվակով վերջինից պահանջել են 2 մասով ընդհանուր 223 000 ՀՀ դրամին համարժեք 450 ԱՄՆ դոլար գումար։ Կինը 2021 թ․ հուլիսին գումարը փոխանցել է «Paul Keita» տվյալներով անձին, սակայն հիշյալ անհայտ անձինք չեն ապահովել վարկի տրամադրումը՝ հափշտակելով գումարը:
Իրեն պատճառված վնասը վերականգնելու նպատակով կինը կապ է հաստատել հափշտակություն կատարած անձանց հետ, փոխադարձ համաձայնություն ձեռք բերել այլ անձանց ներգրավելու և նրանց գույքի հափշտակություն կատարելու շուրջ:
Օգտագործելով «Ֆեյսբուք» սոցիալական կայքում վերոնշյալ գովազդներին հղումներ կատարելու համար նախատեսված կեղծ օգտանունով էջ՝ նա գովազդել է վերոնշված կեղծ հայտարարությունները։ Իր հետ կապ հաստատած անձանց հետ նամակագրությամբ խեղաթյուրելով իրականությունը՝ նրանց մոտ վստահություն է առաջացրել վարկի օրինական, իրական լինելու մասին, ապա հափշտակել 3 քաղաքացու կողմից փոխացված՝
ընդհանուր 3.132.086,1 ՀՀ դրամ գումարը: Դրա դիմաց ինքնությունները չպարզված անձինք, պայմանավորվածության համաձայն, բանկային փոխանցմամբ 40-ամյա կնոջը վերադարձրել են հափշտակությամբ վերջինիս պատճառված վնասից 400 ԱՄՆ դոլարը»,- մանրամասնում է Քննչական կոմիտեն։
Կնոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Վերջինս ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
«Նշված անձի մասով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: Ինքնությունները դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: