ԿԸՀ-ն հերթական նիստում ավագանու անդամ է գրանցել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 20-ին գումարել է հերթական նիստ։ Հանձնաժողովը սեպտեմբերի 17-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունը, ըստ որի Երևանի ավագանու անդամ Վահագն Իսոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։


Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է վերոնշյալ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մուշեղ Ռաֆիկի Հակոբյանին։


Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը սահմանել է Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում հոկտեմբերի 20-ին կայանալիք մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի ընտրությունում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև։ Քանի որ Ֆերիկ համայնքի ընտրությունների համար կազմավորվել է մեկ տեղամաս, «ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխումը կատարվել է հետևյալ համամասնությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ մեկ նախագահ, «Հայաստան» դաշինք՝ մեկ քարտուղար։