Չի կարող լինել անկախ պետություն, եթե այնտեղ չեն ապրում անկախ մարդիկ

Այսօր Անկախության օրն է։ Անկախության ձեռքբերումների և թերացումների մասին Civic.am-ը զրուցել է Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։


«Իրականում այս տարիների ընթացքում մենք անցանք և անցնում ենք մի շատ կարևոր ճանապարհ. բուն բառի գեղեցիկ հնչեղությունից դեպի իր բովանդակ էությունը: Մենք սկսեցինք հասկանալ, թե իրական անկախությունն ինչ է իրենից ներկայացնում, որ դա ինքնիշխանություն է, որ դա ոչ թե դրսից բերած մի նվեր է, այլ իրականում մեր մտածողության արդյունք է։ Չի կարող լինել անկախ պետություն, եթե այդ պետությունում չեն ապրում անկախ մարդիկ։ Պետությունը աբստրակտ հասկացողություն չէ, ժողովուրդը աբստրակտ հասկացողություն չէ։ Ինչքան մենք, յուրաքանչյուր մարդ, մեր մտածելակերպով, մեր գործողություններով լինենք ինքնիշխան, այնքան ինքնիշխան կլինի մեր պետությունը»,-  ասաց Ռուբեն Բաբայանը։


Մեր զրուցակիցը նշեց, որ ինքնիշխանությունը յուրաքանչյուր մարդու համար նշանակում է տեր լինել իր ճակատագրին, տեր լինել երկրին, տեր լինելը նշանակում է պատասխանատու լինել, պատասխանատու լինել սեփական ճակատագրի, կենսագրության, կյանքի համար, նաև նույն ձևով պատասխանատու լինել քո երկրի համար։


«Երբ մեզ թվում էր, թե անկախությունը վերևից իջած ինչ-որ մի նվեր է, մենք դա ստացանք ու վերջ, ու դա այլևս պետք չի ոչ պաշտպանել, ոչ կառուցել, մենք իրականում ինքներս մեզ խաբում էինք, իսկ ինքնախաբեությունը միշտ շատ վտանգավոր է։ Երբ մենք ասում էինք, որ հայ ժողովուրդը դարերի ընթացքում երազել է լինել անկախ, դա իհարկե այդքան էլ այդպես չէ. եթե ամբողջ պատմության ընթացքում երազեր լինել անկախ, կլիներ։ Թերացումները հիմնականում այդտեղ էին։ Ստանալով պաշտոնական անկախություն՝ մենք այն չլցրեցինք համապատասխան բովանդակությամբ»,- նշեց Ռուբեն Բաբայանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան