Գեղամ Նազարյանը նախագծով առաջարկում է սեպտեմբերի 27-ը սահմանել բոլոր ժամանակներում ՀՀ պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը նախագիծ է ներկայացրել ԱԺ և առաջարկում է սեպտեմբերի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորի, զինվորականի հիշատակի օր՝ փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։  


«Մենք ունենք Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, բռնադատվածների հիշատակի օր, 2014 թվականի՝ Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր, բայց հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորի, զինվորականի հիշատակի օր չունենք։ ...Հաշվի առնելով, որ վերջին մեծամասշտաբ պատերազմը սկսվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին, առաջարկում եմ հիշատակի օրը սահմանել հենց սեպտեմբերի 27-ին։ Նախագծի ընդունման արդյունքում սեպտեմբերի 27-ը ՀՀ-ում պաշտոնապես կնշվի որպես բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր: Կստեղծվեն իրավական հիմքեր բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի քաջաբար մարտնչած և երկրային կյանքը զոհաբերած զինվորների, զինվորականների, աշխարհազորայինների հիշատակը հարգելու համար: Մեկ օրվա ընթացքում մենք կհիշենք մեր երկրի բոլոր ժամանակների հերոսներին, քաջերին, այդ թվում և Առաջին Արցախյանի հերոսներին, Քառօրյա պատերազմի քաջերին, այնպես էլ 44-օրյա պատերազմի նահատակներին: Պետության կողմից պաշտոնապես հիշատակի օր սահմանելը նաև հսկայական դաստիարակչական նշանակություն կունենա և դրական նշանակություն կունենա երկրում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի հաստատմանը»,- մասնավորապես նշված է ԱԺ կայքում հրապարակված նախագծի հիմնավորման մեջ։


Նշենք, որ պատգամավոր որդին՝ Աբգար Նազարյանը, մասնակցել է 44-օրյա պատերազմին, զոհվել։