Անկախության ամրապնդման և զարգացման հիմնաքարային նախապայման է մարդու իրավունքների արդյունավետ իրացման ապահովումը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․


«Սիրելի՛ հայրենակիցներ,


Ի սրտե շնորհավորում եմ այս խորհրդանշական օրվա՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ: Անկախության, պետականության ամրապնդման և զարգացման հիմնաքարային նախապայմաններն են մարդու իրավունքների արդյունավետ իրացման ապահովումն ու պաշտպանությունը: Իսկ այդ առումով կարևոր է բոլորիս ջանքերի մեկտեղումը։


Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, իմ մանդատի շրջանակներում հանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, նպաստելու մեր հասարակությունում հանդուրժող միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուրի իրավունքներն ու արժանապատվությունը երաշխավորված կլինեն` անկախ որևէ առանձնահատկությունից ու հանգամանքից:


Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ և մաղթում մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված հասարակական համակարգի կայացում»։