Վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի՝ մարտի 1-ի գործով դատական նիստը։
Նախնական դատական նիստին Ռոբերտ Քոչարյանն ու նրա փաստաբանները չէին ներկայացել. փաստաբանները դատարանին գրավոր տեղեկացրել էին, որ տեղյակ չեն՝ շարունակելո՞ւ են իրենց աշխատանքը և դատարանում ներկայացնելո՞ւ են Քոչարյանի շահերը, թե՞ ոչ, իսկ Քոչարյանին իրազեկել դատարանին չէր հաջողվել՝ նույնիսկ ամբաստանյալ Արմեն Գևորգյանի միջոցով։
Նիստին չէր ներկայացել նաև թարգմանիչը, որի կարիքն ունի ամբաստանյալ Յուրի Խաչատուրովը։ Նա անգամ չէր հասկանում դատավորի՝ դատարանի հետ խոսելիս ոտքի կանգնելու հրահանգը՝ հայերենին չտիրապետելու պատճառով։ Դրանից հետո, սակայն, Խաչատուրովը կարողացավ հայերենով ներկայանալ, ներկայացնել իր ընտանեկան դրությունն ու կապերը մյուս ամբաստանյալների հետ։ Ապա դատարանն անցավ դռնփակ ռեժիմի՝ քննելու Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցը, որպեսզի լուծվի նրա՝ սահմանը հատելու հարցը։
Հիշեցնենք, որ Քոչարյանն ու մյուսները մեղադրվում էին 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու՝ 300.1 հոդվածով, որը հետագայում սահմանադրական դատարանը հակասահմանադրական որակեց, ինչից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը գործը կարճեց։ Օրերս վճռաբեկ դատարանը բեկանեց Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը, և գործն ուղարկվեց Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։