Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին արցախահայության բռնագաղթի առաջին տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ։
Իր հայտարարության մեջ նախարար Ժոլին ասել է.
«Անցյալ շաբաթ լրացավ մեկ տարին, ինչ Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում: Այս գործողության հետևանքները ծանր էին, ինչի արդյունքում ավելի քան 100,000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30,000 երեխաներ, բռնի տեղահանվեցին Հայաստան, ինչը հանգեցրեց երկրում մարդասիրական կարիքների արագ աճին: Ադրբեջանի չարդարացված ռազմական գործողությանը նախորդել է Լաչինի միջանցքով մարդասիրական մատակարարումների իննամսյա շրջափակումը, որը խախտել է Միջազգային դատարանի՝ ժամանակավոր միջոց կիրառելու որոշումը։
Կանադան համերաշխ է այս ճգնաժամից տուժած մարդկանց հետ և երախտապարտ է Հայաստանին իր դռները բացելու համար։ Այդ իսկ պատճառով մենք 2023 թվականին տրամադրել ենք ավելի քան 3,9 միլիոն դոլար մարդասիրական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից բխող հրատապ կարիքները լուծելու համար։
Մենք շարունակում ենք խրախուսել և աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրին ուղղված բովանդակալից բանակցություններին, ինչպես նաև կողմերի միջև շարունակական երկխոսությանը և վստահության ամրապնդման միջոցառումներին՝ տարածաշրջանի ժողովուրդների համար արդար և կայուն խաղաղության համար:
Կանադան բազմիցս կոչ է արել անվերապահորեն ազատել 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից բոլոր հայ ռազմագերիներին։
Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման և ինքնորոշման իրավունքի սկզբունքներին այս տարածաշրջանի ժողովուրդների համար արդար և տեւական խաղաղության հասնելու բանակցություններում»։