Ներքին գործերի նախարարությունը բարեփոխումներ է իրականացնում մարդկային ռեսուրսների
կառավարման ոլորտում՝ կոմպետենտ անձնակազմի ներգրավման և կադրերի պահպանման, կոռուպցիայի
նվազեցման և Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության ամրապնդման նպատակով։
Նախարարությունը արդյունավետության խթանում, մարդկային ռեսուրսների կառավարման
բարեփոխումների միջոցով ծրագրի մեկնարկի կապակցությամբ կազմակերպել էր միջոցառում,
որտեղ ներկա էր նաև Միացյալ նահանգների դեսպան Քրիստինա Քվինը։
Ծրագրի գործընկերներն են ԱՄՆ դեսպանատունն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։
Մարդկային ռեսուրսներից, կադրերից է կախված, թե ինչպիսի արդյունքներ է գրանցում
կառույցը։
Դեսպան Քվինը իր խոսքում ընդգծեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ նախարարության և դեսպանատան
ջանքերին աջակցելու պատրաստակամությունը։Քվինը կարևորեց մարդկային ռեսուրսների ճիշտ
կառավարումը՝ կազմակերպությունների հաջողության հասնելու տեսանկյունից, միաժամանակ
նշեց, որ դա միշտ չէ, որ ամենակարևորն է։
Քվինը նշեց, որ պետք է ստեղծել հավասար և ներառական պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր։
Նա կարևորեց Ներքին գործերի նախարարության քայլերը՝ միջազգային փորձի ուսումնասիրման
և ոստիկանությունում կին ոստիկանների ներգրավմանն ուղղված ջանքերը։
Նախարար Վահե Ղազարյանը նշեց, որ պետք է բարեփոխվի և կատարելագործվի մարդկային
ռեսուրսների կառավարմանն առնչվող ցանկացած հարց։
Նախարարը և մնացած բոլոր բանախոսները կարևորեցին համակարգում կանանց ներգրավումը։
Մինչև 2026 թվականը նախատեսվում է համակարգում կանանց տեսակարար կշիռը հասցնել մինչև
30 տոկոսի։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր գոհունակությունը
հայտնեց արձանագրված արդյունքներից, վստահություն հայտնեց, որ դրանք շարունակական կլինեն։
Արփինե Սարգսյանը նշեց, որ վերջերս ԵԱՀԿ-ի կողմից իրականացրած հանրային հարցումները
ցույց են տվել, որ հանրության 72 տոկոսը դրական է վերաբերվում ոստիկանությանը, վստահում
է կամ գոնե չունի բացասական վերաբերմունք ոստիկանության աշխատանքների նկատմամբ։
Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ
Արմեն Մկրտչյանը մատնանշեց խնդիրները, որոնք կան ոստիկանությունում։ Դրանցից մեկը ոստիկանության
ծառայության գրավչության անբավարար մակարդակն է։ Այս ծրագիրը միտված է նաև այդ հարցը
լուծել։ Մկրտչյանը նշեց քայլերը, որոնք կլուծեն այս խնդիրները։
Ծրագիրն ունի 5 ուղղություն, ասաց Ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման
ծրագրերի համակարգող, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը։
Ասաց, որ 2026 թվականին ոստիկանության առնվազն 70 տոկոս աշխատակիցներ գոհ կլինեն իրականացված
ծրագրերի արդյունքից։ Եվ ամենակարևորը բնակչության գոհունակությունը։ Բնակչության քանի՞
տոկոսը գոհ կլինի ոստիկանությունից այս ռեֆորմներն իրականացնելուց հետո։
Նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ասաց, որ իրենք Միացյալ Նահանգների դեսպանատան
հետ անընդհատ մոնիթորինգի են ենթարկում կատարած բարեփոխումները, միասին պլանավորում
են գործունեության հետագա քայլերը։
Գործընկերության կարևոր ոլորտ է նաև կրթությունը։ Պարեկային ծառայության օրինակով
արդեն իսկ որոշակի փոփոխություններ են արվել այս ոլորտում։ Եթե դրանք հաջողեն ու ցույց
տան իրենց արդյունավետությունը դրանք կտարածվի ողջ համակարգի վրա։ Իսկ մարդկային ռեսուրսների
ոլորտում բարեփոխումները միտված են նրան, որ ոստիկանությունում ծառայությունը ավելի
գրավիչ դառնա, իսկ հետագա առաջխաղացումները՝ ավելի արժանիքահեն ու փաստահեն։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան