Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Բեյրութում կետային
հարվածի արդյունքում ոչնչացրել է «Հզբոլլահ» շարժման հրթիռային ուժերի հրամանատար Իբրահիմ
Ալ-Կուբայսիին։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները գրոհել են Բեյրութի
Դահիա շրջանը և ոչնչացրել «Հզբոլլահի» հրթիռային ուժերի հրամանատար Իբրահիմ Ալ-Կուբայսիին»,-ասվում
է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Ըստ ՑԱԽԱԼ–ի` հարվածի պահին այնտեղ են գտնվել նաև «Հզբոլլահի» հրթիռային
ուժերի այլ առանցքային հրամանատարներ։
Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ Ալ-Կուբայսիի հրամանատարության
ներքո են գտնվել մի քանի հրթիռային ստորաբաժանումներ, այդ թվում՝ «Հզբոլլահի» բարձր
ճշգրտության կառավարվող հրթիռների միավորումը: ՑԱԽԱԼ–ը նշում է, որ Ալ-Կուբայսին հրթիռների
ոլորտում գիտելիքների կարևոր աղբյուր էր և սերտ կապեր ուներ «Հզբոլլահի» բարձրագույն
ռազմական առաջնորդների հետ։
Բացի այդ, նշվում է, որ Ալ-Կուբայսին «Հզբոլլահ» շարժման անդամ
է դարձել մոտ 40 տարի առաջ՝ տարբեր ժամանակահատվածներում կազմակերպությունում զբաղեցնելով
մի քանի կարևոր ռազմական պաշտոններ, այդ թվում՝ հանդիսանալով Լիբանանի հարավում «Հզբոլլահի»
օպերատիվ ստորաբաժանման հրամանատար սպա: