«Ես մի քիչ լավատեսությամբ չեմ
մոտենում այդ առումով, որովհետև Թուրքիայի պաշտոնյաները բազմիցս նշել են, որ հայ-թուրքական
հարաբերությունները կկարգավորվեն, եթե ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր
ստորագրվի»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի
նախագահ Էրդողանի հանդիպմանը, որի ընթացքում
կարևորվել է հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու
ուղղությամբ աշխատանքների շարունակումը։
Աղազարյանը նշեց, որ Ալիևը չի
ցանկանում, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն. «Ինքը ցանկանում է որոշակի
նպատակներ հետապնդել, որոնք անընդունելի են մեզ համար, մասնավորապես կոմունիկացիաների
բացման մասով։ Ալիևը այս տուրբուլենտ իրավիճակում հույս ունի, որ կգա պահ, երբ հարցերը
կլուծեն ռազմական ուժի կիրառմամբ, ու այդ պատճառով էլ հետաձգում են խաղաղության պայմանագրի
կնքումը»։
Աղազարյանն ընդգծեց, որ ՀՀ իշխանությունը
արտաքին հարաբերություններում շարժվում է դիվերսիֆիկացման ճանապարհով. «ՀՀ-ում այն
քաղաքական ուժերը, որոնք ռուսական կողմնորոշում
ունեն՝ մեզ մեղադրում են եվրոպամետ լինելու մեջ, իսկ այն ուժերը, որոնք եվրոպական կողմնորոշում
ունեն, մեզ մեղադրում են ռուսամետ լինելու մեջ։ Այս ամեն ինչը ապացուցում է, որ մենք
ճիշտ ուղու վրա ենք»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան