Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երկու համերգով հանդես կգա Փարիզում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սեպտեմբերի 28-ին և 29-ին երկու բացառիկ համերգով ելույթ կունենա Փարիզում՝ ներկայացնելով հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ 


Առաջին համերգը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և անվանի դաշնակահարներ Լուի Լորթիի ու Էլեն Մեղսիեի մասնակցությամբ: Ծրագրում ներկայացված կլինեն Կլոդ Դեբյուսիի, Ֆրանսիս Պուլենկի և Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները։ 


Հյուրախաղերի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Փարիզի ֆիլհարմոնիայի «Սիտե դե լա մյուզիք» համերգասրահում հանդես կգա դեբյուտային համերգով, որի տոմսերն արդեն սպառված են։ Համերգային ծրագրում Խաչատրյանի ամենահայտնի ստեղծագործություններն են:


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը։ Համերգի աջակիցներն են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, ՀԲԸՄ Ֆրանսիան և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։