«Դրական է հանդիպումը։ Կարծում
եմ, որ Թուրքիան կփորձի ազդել Ադրբեջանի վրա հայ-ադրբեջանական բանակցային գործընթացներում։
Թուրքիան լուծում է ռազմավարական խնդիրներ, նա ձգտում է հայ-ադրբեջանական խաղաղության
պայմանագրով ֆիքսել այն իրադրությունը, որը ստեղծվել է 2020 թվականի պատերազմից հետո,
որում ինքը մեծացրել է իր ազդեցությունը տարածաշրջանում՝ ի հակառակ ՌԴ-ի, իսկ Ադրբեջանը
լուծում է մարտավարական խնդիր։ Այսինքն՝ ձգձգել խաղաղության պայմանագրի կնքումը և,
ճնշում գործադրելով, փորձել ՀՀ-ից պոկել այն, ինչ հնարավոր է»: Այս մասին ասաց թուրքագետ
Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Նյու Յորքում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի ու Էրդողանի
հանդիպմանը։
Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիայի
հետ հարաբերությունների կարգավորումը ու սահմանների բացումը մեծ օգուտ կտան Հայաստանին.
«ԱՄՆ-ն շահագրգռված է, որ Չինաստանի ցամաքային կապը ԵՄ-ի հետ լինի ոչ թե Իրանի կամ
ՌԴ-ի վրայով, այլ Թուրքիայի, որից կշահի նաև Հայաստանը, քանի որ ՀՀ տարածքով էլ է այդ
ճանապարհն անցնելու։ Այդպիսով Թուրքիան հնարավորություն կստանա իր դիրքը ամրապնդելու
այդ ծրագրի իրագործման արդյունքում»։
Սաֆրաստյանի կարծիքով՝ Սյունիքի
ճանապարհը Հայաստանի համար մեծ բանալի է աշխարհի հետ հարաբերվելու համար, իսկ ինչ վերաբերում
է հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրում և Թուրքիայի
աջակցություն դրան, Սաֆրաստյանն ասաց. «Թուրքիան իր առջև ամբիցիոզ խնդիրներ է դրել,
որպեսզի համաշխարհային գերտերություն դառնա, և Թուրքիան համարում է, որ հիմա նոր պատերազմը
նոր ռիսկ է, և ձեռնտու չէ, որ Հրվ. Կովկասում նոր պատերազմ լինի։ Ադրբեջանի կողմից
այդ վտանգը կա, բայց նա ևս չի փորձի վտանգել այն հաղթանակի արդյունքները, որը ինքը
ունի։ Տրամաբանությունը սա է հուշում, բայց միգուցե ոչ տրամաբանական որոշումներ ընդունվեն
Բաքվում»։
Թուրքագետը կարծում է, որ ԱՄՆ-ն
փորձելու է հեռու պահել Հրվ. Կովկասը նոր պատերազմից՝ անկախ նրանից, թե ով կընտրվի
նախագահ. «Նրանք կարծում են, որ ռազմավարական առումով ՌԴ-ի դիրքերը թուլացել են, և
պետք է հետագա թուլացումը լինի դիվանագիտական ու տնտեսական ճանապարհով»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան