Եթե Վրաստանում հաղթի գործող իշխանությունը, ՌԴ-ն կվերցնի տարածաշրջանի երկու երկրները և կմնա միայն ՀՀ-ն

Մակրոնի հայտարարությունը վկայում է այն մասին, որ տարածաշրջանում խաղաղության հիմքեր չկան։ Ադրբեջանին ձեռնտու չէ իր ձեռքերը կապել որևէ փաստաթղթով։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը։


Իրանն էլ, ըստ նրա, փորձում է ակտիվացնել դիվանագիտական հարթակը Արևմուտքի հետ։ Արևմուտքը, սակայն, ըստ Պետրոսյանի, պատրաստ չէ դրան։ Նա ռազմավարական խնդիր է լուծում՝ Իսրայելի ձեռամբ թուլացնելու Իրանի ազդեցությունը տարածաշրջանում։ «Եվ երբ Մերձավոր Արևելքում իրավիճակը վերադառնա կայուն շրջափուլ, մենք կունենանք շատ ավելի թուլացած Իրան, որը մեզ համար շատ մտահոգիչ է»,- ասաց Պետրոսյանն ու հավելեց, որ Իրանը շատ լավ հասկանում է, որ օղակը իր շուրջը գնալով սեղմվում է։  


«Ռազմավարական տեսանկյունից Իրանի նկատմամբ տարբեր կողմերից հարվածներ են տեղի ունենում, և նրանք չեն կարողանում զսպել այդ ամենը։ Նրանք հասկանում են, որ եթե չփորձեն կարգավորել հարաբերությունները Արևմուտքի հետ այդ օղակը աստիճանաբար հասնելու է Իրանի սահմաններին»,- ասաց նա։


Իսկ Վրաստանում տեղի է ունենում աշխարհաքաղաքական կենտրոնների պայքար։ Իշխանություններն էլ նպատակ են դրել վերընտրվել։ Ըստ Պետրոսյանի՝ կողմերը վաբանկ են գնացել ամբողջ խաղադրույքները կատարելով։


Փորձագետը չբացառեց, որ Վրաստանը գործարքի է գնացել Կրեմլի հետ։


«Վերջին ուղերձները այդ մասին են ակնարկում։ Չի բացառվում, որ ստվերային բանակցություններ էլ կան։ Չի բացառվում անգամ, որ ինչ-որ գործարք է տեղի ունեցել Վրաստանի իշխանությունների և ՌԴ-ի միջև, որովհետև սկսել են հաճախ խոսել Աբխազիայի և Հրվ. Օսիայի դեօկուպացիայի մասին՝ խաղաղ եղանակով։ Եթե հաղթի գործող իշխանությունը՝ տարածաշրջանում ամբողջ աշխարհաքաղաքական բովանդակությունը կփոխվի։ Ահա այստեղ է մեզ համար մտահոգիչը։ Ստացվում է, որ Ռուսաստանը վերցնում է տարածաշրջանի երկու երկրները և մնում է Հայաստանը», - ասաց Պետրոսյանը։

 


Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան