Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին
հանդես է եկել ելույթով։ Վարչապետի ելույթի
առանցքային կետերի շուրջ Civic.am-ը զրուցել
է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։
Նա նշեց, որ վարչապետի ելույթը
ՄԱԿ-ում իհարկե առանձնացավ հստակությամբ՝ կապված Հայաստանի այս բանակցային դիրքորոշման
հետ։
«Ի վերջո այնտեղ նոր բան չկար,
բայց հաշվի առնելով, թե դա ինչ ամբիոն էր և ով է լսարանը, այդ ելույթը պետք էր և պետք
էր նաև այն համատեքստում, որ Սահմանադրության հետ կապված ադրբեջանական պրետենզիաները
պետք է ընդհանրապես դուրս գան բանակցային գործընթացի խոսույթից, որովհետև դրանք
սին են, արդյունավետությանը դեմ և ըստ էության, իրենցից ներկայացնում են պատճառաբանություն,
թե ինչու խաղաղության պայմանագիրը Բաքուն պետք է չստորագրի մինչև COP-29-ը։ Վարչապետը
փորձեց այդ հարցը լուծել։ Ինչքանով ստացվեց՝ կյանքը ցույց կտա»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
Մեր զրուցակիցը նշեց, որ դրան
գումարվում է նաև եռակողմ հանդիպման փաստը, երբ պետքարտուղարի մասնակցությամբ հանդիպեցին
նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, սակայն այստեղ մի մեթոդաբանական խնդիր
կա, որը ևս պետք է լուծվի։
«Այս խնդիրը հարթության վրա լուծում
չունի։ Այս խնդիրը լուծում ունի տարածության մեջ։ Ի վերջո չմոռանանք խնդրի ծագումնաբանությունը․ այս
խնդրի վրա կախված է Ռուսաստանի մռայլ ստվերը և հնարավոր չէ սենյակի մեջ չնկատել այդ
փղին և փորձել հարցը լուծել այդ փղին միայն արհամարհելով, այդպես չի ստացվի»,- նշեց
Ռուբեն Մեհրաբյանը։
Վարչապետն իր ելությում նշել
է, որ խաղաղությունն այնքան մոտ է, որ պետք է ձեռքը վերցնել։ Հարցին, թե համաձա՞յն
է արդյոք այս ուղերձի հետ և արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է դրան, Ռուբեն Մեհրաբյանն ասաց․
«Այո՛, համաձայն եմ, իսկ Ադրբեջանը պատրաստ է, թե ոչ, կյանքը ցույց կտա։ Այստեղ հստակ
է, թե ինչից է դա կախված։ Առաջինը կախված է նրանից, թե որքանով Հայաստանը հեռու կլինի
Ռուսաստանից, որովհետև դրանով է պայմանավորված, թե որքանով ազդեցիկ կլինի Ռուսաստանը
Ադրբեջանի հետ հարաբերություններում»,- հավելեց Ռուբեն Մեհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան