Մեքենաների հրկիզման գործով ձերբակալվածն ինքնախոստովանական ցուցմունք է տվել

Սեպտեմբերի 24-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունում ստացված ահազանգը հրդեհի մասին էր։ Մայրաքաղաքի Վրացական փողոցում ավտոմեքենա էր այրվում։


Ահազանգն անմիջապես փոխանցվեց Հրշեջ փրկարարական ջոկատներին, նաև` ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։


Արդեն ժամը 1.17-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 45-ամյա կինը հայտնեց, որ րոպեներ առաջ անհայտ անձը հրկիզել է Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր «Հյունդային» և կողքի «Օպել» ու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները։


Քիչ անց Արաբկիրի ոստիկանները դեպքի վայրում էին։ Ըստ տուժողի` իրեն պատճառվել էր 6 միլիոն դրամի վնաս:


Կազմված փաստաթղթերը փոխանցվեցին քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արագ արդյունք տվին։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 14.28-ին, գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով, մայրաքաղքաքի Ադոնցի փողոցում ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց 23-ամյա մի երիտասարդ։ Կասկածյալը խոստովանեց, որ հրկիզողն ինքն է։


Նախաքննությունը շարունակվում է։