ՀՀ-ում
2023 թվականին դատապարտվել է 2 548 անձ, որոնցից ճնշող մեծամասնությունը՝ 1894 անձ, չաշխատող
և չսովորող աշխատունակներ, մասնավորապես
9-ը՝ պաշտոնատար անձինք, 154-ը՝ զինվորական ծառայողներ։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ
Վիճակագրական կոմիտեի հրապարակած 2023-ին դատապարտվածների թվաքանակի մասին տեղեկանքից։
Նշենք, որ ամենամեծ թվով դատապարտվածները՝ 1 547 հոգի, երթևեկության անվտանգության
և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած
անձինք են։ Թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններ
կատարած և դատապարտված անձանց թիվն էլ 352 է, ազատության, պատվի, արժանապատվության,
ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ կատարած և դատապարտվածներինը՝ 103։ Հաշվետու տարում դատապարտվել
են մասնավորապես սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ
կատարած 6 անձ, սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ
կատարած 3 անձ, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած 89 անձ,
արդարադատության շահերի դեմ ուղղված հանցագործություններ կատարած 19 անձ, զինվորական
ծառայություն անցնելու կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած 95 անձ։
Վիճկոմիտեն
ամփոփել է նաև 2023-ին գրանցված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակն ըստ
հանցատեսակների։ Մասնավորապես ընտրակաշառք տալու 25 դեպք է արձանագրվել, ընտրակաշառք
ստանալու՝ 2 դեպք, մասնավոր ոլորտում կաշառք ստանալու՝ 10, մասնավոր ոլորտում կաշառք
տալու՝ 4 դեպք, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները
կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու՝ 409 դեպք, ապօրինի հարստացման՝ 5, իշխանազանցության
կամ իշխանության չարաշահման՝ 1 դեպք։ Ընդհանուր՝ 1 404 դեպք։
Գրանցված
կոռուպցիոն բնույթի հանցագործություններով քրեական պատասխանատվության (հետապնդման)
ենթարկված անձանց թվաքանակն ըստ հանցատեսակների 2023 թվականին ունեցել է հետևյալ պատկերը.
մասնավորապես ընտրակաշառք ստացած 42 անձ է
դատապարտվել, ընտրակաշառք տված՝ 2 անձ, փողերի լվացմամբ զբաղված՝ 33 անձ, ապօրինի հարստացած՝
1 անձ, պաշտոնեական կեղծիք կատարած՝ 224 անձ։ Ընդամենը՝ 925 անձ։
Հ. Մ.