Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի
մարզում։ Ժամը 22:30-ի սահմանում Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի
դիմաց բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Մանսուր Ա.-ի վարած
Mercedes մակնիշի բեռնատարն ու Սյունիքի մարզի բնակիչ 64-ամյա Ֆելիքս Ա.-ի վարած
Opel մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը
մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել
պարեկները, փրկարարները, քննիչները:
«Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ
է ստացվել, որ Ֆելիքս Ա.-ն, գիտակցության չգալով, վերակենդանացման բաժանմունքում մահացել
է։ Դեպք փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է, որ Ֆելիքս Ա.-ն ավտոմեքենան վարելիս սրտի
կաթված է ստացել։