Սեպտեմբերի 27-ին հերթական քրեորեն պատժելի դեպքն է տեղի ունեցել
Երևանի Մամիկոնյանց փողոցում գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ում։ Այդ
օրը՝ ժամը 12:30-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի
բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված քոլեջում դանակահարություն
է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկանները արդեն քոլեջում
պարզում էին դեպքի հանգամանքները, «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի
բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ
իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը
Երևանի բնակիչ 16-ամյա տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Երևանի ինֆորմատիկայի պետական
քոլեջ»-ից։
Նշվում է, որ քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը ոստիկաններին ասել
է, որ դեռահասը վազելիս է վնասվածք ստացել՝ պատահաբար դիպչելով սեղանի սուր ծայրին,
սակայն ոստիկանները պարզել են, որ քոլեջում տեղի է ունեցել դանակահարություն և 16-ամյա
սովորողին դանակահարել է նույն քոլեջի 16-ամյա սովորողը։
Ոստիկանների կողմից բացատրական աշխատանքների շնորհիվ կասկածյալը,
նշված քոլեջի անվտանգության աշխատակից 40-ամյա Մարիամ Իսրայելյանի հետ, ներկայացել
են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշված քոլեջում սա դանակահարության առաջին դեպքը չէ. մարտի 12-ին
մահվան ելքով դանակահարություն էր տեղի ունեցել: Սպանվել էր 18-ամյա Ռաֆայել Հ.-ն,
որը սովորում էր «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի 3-րդ կուրսում: