Կարևոր լյուստրացիա տեղի ունեցավ. նախկինների համար եկեղեցին եղել է գործիք

Երեկ տեղի ունեցավ Մայր տաճարի վերաօծման արարողությունը, որին մասնակցեց գործող իշխանության վերնախավը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Սակայն գործող իշխանությանը «եկեղեցաքանդության» մեջ մեղադրող Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը «բոյկոտեցին» եկեղեցուն առնչվող բացառիկ միջոցառումները: Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։


«Ես համարում եմ, որ կարևոր լյուստրացիա տեղի ունեցավ։ Սկսենք բոյկոտից. ովքեր աթեիստ են եղել, ընդհանրապես եկեղեցին իրենց համար եղել է գործիք։ Մի ժամանակ եկեղեցու արարողությունների ժամանակ գնում կանգնում էին այնտեղ, հասկանալի է։ Ակնհայտորեն ոչ հավատացյալ մարդիկ՝ իրենց մշակույթով, իրենց այդ ցենզը, որով անցել էին ու դարձել կոմսոմոլ ու պարտիական՝ Ալիևի մոտ, նրանք չէին կարող լինել հավատացյալ։ Կամ էլ այնքան էին խորացել այդ անհավատության մեջ, որ այսօր հնարավորություն ունեցան դա դրսևորելու»,- ասաց Ազատ Արշակյանը։


 Այնուհետև նա նշեց, որ մյուս կողմից էլ՝ դրական է համարում և՛ Վեհափառ հայրապետի հրավերը, և՛ այն, որ ընդունվել է հրավերը։


Ազատ Արշակյանը կարծում է, որ շատ լավ ու ճիշտ կլինի, որ նրանց հարաբերությունները լինեն օրինակելի, իշխանություն, թե մեծամասնություն՝ կարևոր չի. ով որ մանդատ է ստացել իշխան կոչվելու՝ ուրեմն պարտավոր է օրինակելի վարքագիծ ունենալ։ Օրինակելի վարքագծի մեջ մտնում է նաև հարգանքը հավատացյալների նկատմամբ։


«Եկեղեցի ասելով մենք հավատացյալներին ենք հասկանում. շենքերը և տերտերները չեն, եկեղեցին համայնքն է, հավատացյալն է։ Շատ կարևոր է, որ իշխանություններն ընդունել են հրավերը և գնացել են։ Նրանք փաստորեն հարգել են նաև մեզ՝ հավատացյալներիս, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատացյալներիս, դա շատ լավ է։ Եվ չափազանց կարևոր է, որ հրավերն էլ է եղել: Թող այսուհետև շարունակեն այդպես գործընկերային հարաբերություններ ունենալ։ Մեզ հաճելի չէ, երբ նրանք բախվում են»,- նշեց Ազատ Արշակյանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան