ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքացիական հայց է ներկայացրել
ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։
Հայցադիմումը դատարանն ընդունել է վարույթ, դատավորն է Երևանի քաղաքացիական դատարանի
դատավոր Գոհար Գրիգորյանը։ Հայցվորը պահանջում
է պարտավորեցնել «պատասխանող՝ «Ժողովուրդ թերթի
խմբագրություն» ՍՊԸ-ին հրապարակայնորեն հերքել Պատասխանողի https://armlur.am/ կայքում
11.07.2024 թվականին հրապարակված հոդվածի զրպարտություն համարվող փաստացի տվյալները
հետևյալ ձև. տեղադրել հայտարարություն Պատասխանողի՝ https://armlur.am/ կայքում բոլորի
համար հասանելի և տեսանելի եղանակով՝ առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով, և հայտարարության
վերնագիրը շարադրել այսպես՝ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ն զրպարտել է Ալեն
Ռոբերտի Սիմոնյանին», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «https://armlur.am/ կայքում
11.07.2024 թվականին հրապարակվել է լրատվական հոդված՝ «ՏԿԵՆ-ն և Ալեն Սիմոնյանի եղբոր
ընկերությունը 4 մլրդ 674 մլն դրամի պայմանագիր են կնքել» վերնագրով։ Հայտնում ենք,
հոդվածում ներկայացվել են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը,
և «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ն զրպարտել է պարոն Սիմոնյանին»։
Ալեն Սիմոնյանը նաև
պահանջում է պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել
2 000 000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար նախատեսված փոխհատուցում: Նշենք, որ հիշյալ
լրատվամիջոցի սեփականատերը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, նախկինում իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի
Թովմասյանն է։
Հիշեցնենք, որ Ալեն
Սիմոնյանը դեռևս հուլիսին, արձագանքելով վերոհիշյալ հոդվածին, իր ֆեյսբուքյան
էջում գրել էր. «Այն, որ լրագրողը դադարում է լրագրող լինելուց ու վերածվում է մատուցողի և
սկսում մատուցել այն, ինչ իրեն պատվիրում են, մեր իրականության մեջ, ցավոք, շատ
տարածված է: Ահա այստեղ էլ Թագուհին, ով իր աշխատակիցներին ինձ վրա «ՖԱՍ» հրաման է
տվել, անգրագետ-անգրագետ աջ ու ձախ փորձում են ինձ հետ կապված որևէ բան գտնել՝ էլ
պարբերաբար իմ աշխատակիցների մուտք ու ելքն են հարցնում, էլ կեղտոտ ներքնազգեստի
մեջ քուջուջ անում, հիմա էլ ակնհայտ սուտ են գրել, թե իբր իմ եղբայրը հերիք չէ
աշխատում է տնօրեն՝ ասֆալտի կազմակերպությունում, այն էլ վերջերս 4 միլիարդի
տենդեր է հաղթել այն պարագայում, որ 2023 թ. մայիսից իմ եղբայրը տնօրեն չէ, իսկ 2023
թ. սեպտեմբերից ընդհանրապես դուրս է եկել նշված կազմակերպությունից: Թագուհուն մեկ
անգամ մի երկու ամիս առաջ զանգեցի ու զգուշացրեցի, որ մի հոդված հեռացնի, որի մեջ
հերթական զրպարտությունն էր, գործընկերային ասացի դատի չտամ, մի արա, պարզապես մի
արա, չկա նման բան, հոդվածը փոխեցին, հիմա էլ այս սուտը, այս անգամ արդեն ուղղակի
հայց կներկայացնեմ, բոլոր սքրինները կան, և համացանցում արդեն լավ տարածվել է
հերթական կեղծ նյութը, ուստի հեռացնելն էլ իմաստ չունի: Արդեն խնդրել եմ
իրավաբաններիս, որ հայց նախապատրաստեն և մուտք անեն:
Հ.Գ. Շնորհակալ եմ «Սիվիլնեթին», որ ինքնուրույն
արձագանքեց և ֆիքսեց, որ «Ժողովուրդը» հերթական սուտն է գրել իմ մասին: Ինչ խոսք,
անսպասելի էր:
Հ.Գ.2. Թագուհուն և որոշ, այսպես կոչված, ԶԼՄ-ների
թվում է, թե մեր իշխանությունը նախկինների նման է, որ մեր մասին նյութ են գրում,
մենք խառնվում ենք իրար, աջ ու ձախ վազում վախեցած, ու մեր կյանքում բան է
փոխվում, իրենք էլ ուժ ունեն, որովհետև ԶԼՄ ունեն ու կարող են մեր մասին անդադար
ստեր գրել: Պետք է հիասթափեցնեմ, մեծ բանտիկ ունենք փաթաթած ձեր ամենօրյա ստերի և
հիմարությունների վերաբերյալ: Նրանք այնքանով են հետաքրքիր, որ հնարավորություն են
տալիս ձեզ տանել դատարան և ևս մեկ անգամ ի ցույց դնել ձեր դեղնությունը՝ որպես
մամուլ, ինչպես այս դեպքում»։