Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց
նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։
Դատարանը լսում է վկաների ցուցմունքը։
Այսօր շարունակվեց վկա Արշավիր Սարգսյանի հարցաքննությունը, որի պնդմամբ՝ Աղվան Հովսեփյանը
ունեզրկել է իրեն։ Մինչ այդ, սակայն, հարցաքննվեց գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել
Ալեքսանյանը։ Վերջինս հերքեց Աղվան Հովսեփյանին՝ նշելով, որ «Երևան» հեռուստաընկերությունում
մասնաբաժին չի ունեցել, որ այն նվեր տար Հովսեփյանին. «Ի՞նչը նվեր տայի, ցավդ տանեմ,
ես ոչ ունեցել եմ, ոչ բան, տենց լիներ աէրոպորտն էլ մեկին նվեր տամ։ Չեմ ունեցել, ո՞նց
նվեր տայի»։
Ապա Աղվան Հովսեփյանը հարցեր ուղղեց
Ալեքսանյանին՝ հետաքրքրվելով, թե Ալեքսանյանը ճանաչո՞ւմ է արդյոք Բոգո անունով մարդու։
Ալեքսանյանը դրական պատասխանեց՝ նշելով, որ իր ընկերն է։
- Տեղյա՞կ եք, որ որոշ բաժնեմաս
Բոգոյի վրա է եղել ձևակերպված,- հարցրեց Աղվան Հովսեփյանը։ Ինչին ի պատասխան՝ Ալեքսանյանն ասաց. - Կանչեք Բոգոյին հարցրեք։ Վկան հաստատեց,
որ «Երևան» հեռուստաընկերությունը լուսաբանել է «Ապարան» հայրենակցական միության բոլոր
միջոցառումները։
Ապա շարունակվեց վկա Արշավիր Սարգսյանի
հարցաքննությունը։ Վերջինս նշեց, որ «Արևիկ» ՀԷԿ-ը ինքն է ստեղծել, սակայն այդպես էլ
չի կարողացել շահագործել։
«60 տոկոսով կառուցել եմ, այնուհետև
լիցենզիա ինձ չտվեցին, հետո իմ ստեղծած կառույցի վրա տրվեց մեկ այլ կազմակերպության
լիցենզիա, որը Միսակի անունով էր, որի առիթով դիմել եմ քննչական։ Համապատասխան մարմինները
փորձաքննություն են արել, և պարզվել է, որ, այո՛, այն ՀԷԿ-ը, որ ես 60 տոկոսով կառուցել
էի, մի օրվա մեջ փոխվել է դառել է իրենցը՝ Միսակինը՝ Աղվան Հովսեփյանի տղայինը։ Կեղծել
են բոլոր թղթերը և ստացել են լիցենզիա... Ինձ լիցենզիայի համար մերժեցին, էդ նույն
տեղի համար նիշերը փոխեցին տվեցին իրենց։ Էդ ՀԷԿ-երը պետք է պատկանեն ինձ։ Ես գիշեր-ցերեկ,
ամառ-ձմեռ աշխատել եմ, ստեղծել եմ, էն ժամանակ էլ բողոքել եմ նրա համար, որ անարդարություններ
են կատարվել, հիմա էլ՝ մինչև վերջ գնալու եմ՝ էդ ՀԷԿ-ը իմը պետք է լինի՝ օրենքի սահմաններում»,-
ասաց վկան։
Նրա պնդմամբ՝ Աղվան Հովսեփյանի
հետ առաջին բիզնեսը հիմնելուց ամբողջական ներդրումն ինքն է արել։ Աղվան Հովսեփյանը
օգնել է իր հեղինակությամբ, կապերով, և պայմանավորվել են, որ ամբողջ բիզնեսը պետք է
50/50 հարաբերությամբ տնօրինեն։ Ապա Հովսեփյանը կասկածել է, որ ինքը խաբում է Հովսեփյանին,
և վերջինիս պնդմամբ աուդիտ են անցկացրել, ու Հովսեփյանը պարտադրել է իր՝ վկայի մասնաբաժինը
ևս փոխանցել Աղվան Հովսեփյանին և իր ընտանիքին։
Ապա դատախազը միջնորդեց ընթերցել
վկայի նախաքննական ցուցմունքը։ Քանի որ դատաքննության ընթացքում վկա Արշավիր Սարգսյանն
ասաց, որ իր ներկայությամբ Աղվան Հովսեփյանը տարբեր հարցերով չի զանգել այլ պաշտոնյաների,
այդ մասին ինքը որևէ բան չգիտի, բայց ինքը ենթադրում է, որ զանգել է, քանի որ այդ հարցերը
լուծվել են, իսկ նախաքննական ցուցմունքում վկան նշել է, որ բիզնեսների հետ խոչընդոտները
վերացնելու հետ կապված Հովսեփյանն իրեն ասել է, որ խոսել է ՀԷՑ-ի տնօրենի հետ, Ռոբերտ
Նազարյանի հետ, Հովիկ Աբրահամյանի հետ և այլն։
Այսքանով դատական այսօրվա նիստը
ընդհատվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 29-ին, ժամը 15։00-ին։
Հիշեցնենք. Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ
հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով,
38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ)
և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ըստ այդմ, ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ քննչական
կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Աղվան Հովսեփյանը զբաղվել է ապօրինի
ձեռնարկատիրական գործունեությամբ՝ ստանալով առանձնապես խոշոր չափի՝ 788 մլն ՀՀ դրամի
եկամուտ, որի ծագումը թաքցնելու նպատակով Աղվան Հովսեփյանը նշված գումարով
2009-2015թթ. վերանորոգել և կառուցել է առանձնատուն: Իսկ դրա պատկանելությունը թաքցնելու
համար նախ այն հաշվառել է որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ, այնուհետև՝ 2015թ. կնքված
անշարժ գույքի առուվաճառքի ձևական պայմանագրով, Նարեկ Հովսեփյանը ավելի քան 1 մլրդ
ՀՀ դրամ արժեք ունեցող վերոհիշյալ առանձնատունը 90 մլն ՀՀ դրամով իբր վաճառել է մորը՝
Աստղիկ Հովսեփյանին: Այդ կերպ Աղվան Հովսեփյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով
ստացված 788 մլն ՀՀ դրամը: Ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը ձեռնարկատիրական գործունեությանը
մասնակցելու արդյունքում ստացված ևս 55 մլն ՀՀ դրամով 2009-2011թթ. ընթացքում Երևան
քաղաքի Մաշտոցի պողոտայում վերանորոգել է բնակարաններ, գնել ավտոտնակ, որոնց պատկանելությունը
թաքցնելու և անօրինական ծագումը խեղաթյուրելու նպատակով դրանք գրանցել է այլ անձանց
անուններով՝ այդպիսով օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված հիշյալ գումարը:
Բացի դրանից, Աղվան Հովսեփյանը, մտադրվելով իրեն պատկանող առանձնատան հարակից տարածքում
գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում
կառուցել և շահագործել փոքր ՀԷԿ, 2010թ. հոկտեմբերին իր մտերիմ, նույն համայնքի նախկին
ղեկավար Հ. Ա.-ին համոզելու եղանակով դրդել է ձևական աճուրդի կազմակերպմամբ ապահովել
27.796 հա ընդհանուր մակերեսով 10 հողատարածքների սեփականության իրավունքով վաճառքը
որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ: Նշված եղանակով Աղվան Հովսեփյանն օրինականացրել է
ավելի քան 5 մլն ՀՀ դրամ արժողությամբ 27.796 հա մակերեսով հողամասերը: Ըստ մեղադրանքի՝
Աղվան Հովսեփյանը, նաև նախկին «Երևան հեռուստաընկերություն» ՓԲԸ սեփականատեր Վ. Ղ.-ից
տեղեկացված լինելով նրա շահերին առնչվող քրեական գործերի առկայության մասին, ծառայության
գծով հովանավորչության համար 2011թ. ընթացքում նրանից, որպես կաշառք, պահանջել է առանձնապես
խոշոր չափերով՝ վերը նշված ընկերության շուրջ 206 մլն ՀՀ դրամ արժողությամբ 50 հատ
բաժնետոմսերը, որոնք ստացել է նույն թվականի փետրվարի 14-ին կնքված պայմանագրով իր
որդուն՝ Արմեն Հովսեփյանին նվիրաբերելու եղանակով: Այնուհետև Աղվան Հովսեփյանն
իբրև անօրինական ճանապարհով ստացված բաժնետոմսերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով
Վ. Ղ.-ի հիշյալ բաժնետոմսերը ընկերության մյուս 50 բաժնետոմսերի հետ վաճառել է մեկ
այլ ընկերության: Բաժնետոմսերի վաճառքից ստացված՝ Աղվան Հովսեփյանի մասնաբաժինը կազմող
գումարի մի մասը փոխանցվել է որդու անվամբ բացված հաշվեհամարին և այն ձևակերպվել որպես
ավանդ, որի տոկոսային եկամուտը 2014-2017 թթ. ընդհանուր կազմել է ավելի քան 31 մլն
ՀՀ դրամ: Արդյունքում Աղվան Հովսեփյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված
ավելի քան 237 մլն ՀՀ դրամը:
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան