ՔԿ-ն պարզաբանում է տարածել զրահաբաճկոնների գնման և դրանց անհրաժեշտության վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել զրահաբաճկոնների ձեռք բերման վերաբերյալ՝ ներկայացնելով նաև դրանց անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվություն:


«Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական կոմիտեի կողմից գնումներով մեկ խմբաքանակ՝ 100 հատ զրահաբաճկոնի ձեռքբերման առթիվ որոշել են մեկ բաժակ ջրում փոթորիկ ստեղծել՝ անելով որքան ֆանտաստիկ, նույնքան էլ ժպիտ առաջացնող, իրականությունից կտրված ենթադրություններ։


Հարկ ենք համարում պարզաբանել, որ զրահաբաճկոնների գնումը կատարվել է Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության անձնակազմի աշխատանքային կարիքներից ելնելով և պայմանավորված է նրանց գործունեության առանձնահատկություններով:


Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողները շատ հաճախ ստիպված են լինում քննչական գործողություններ իրականացնել առաջնագծում գտնվող մարտական դիրքերում, ինչի պայմաններում անհրաժեշտություն է քննիչին ապահովել անհրաժեշտ պաշտպանական միջոցներով։


Ի դեպ, նույն կարիքներից ելնելով, գնումներով ոչ միայն զրահաբաճկոններ են ձեռք բերվել, այլ նաև սաղավարտներ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։