ՀՀ Անկախության հռչակագրի կատաղի պաշտպան ընկեր Գեղամը թող պատասխանի՝ ո՞վ էր խանգարում նախկին իշխանությանը, որ ի կատար չածեց մեր ազգային իղձը

«Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ հայտարարությունների ժամին, սովորության համաձայն, նորից ինչ-որ թղթեր էր թափահարում։ Նա, ինչպես հայտնի է, իր հանրային խոսքն  առանց թուղթ ու թանաքի ուղեկցության չի պատկերացնում։ Եվ ուրեմն, ԱԺ ամբիոնից թափահարվող խունացած, դեղին թուղթը, պարզվեց, ոչ թե խաղաղության փաստաթղթի ամերիկյան տարբերակն էր, որը Գեղամ Մանուկյանը երկու տարի առաջ ԱԺ ամբիոնից ջիգյարով պատառոտեց՝ ի նշան բողոքի, այլ այդ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության հռչակագրի պատճենը (տեսնես՝ որտեղից էր ձեռք գցել), որը պարոն Մանուկյանը ներկայացնում էր որպես իրավական դոկտրինի բացառիկ նմուշ, որի ոչ մի տառ և ոչ մի խելագար չի համարձակվել վերախմբագրել՝ այն համարելով, փաստորեն, անձեռնմխելի, «սրբության սրբոց»։ Ժանրի կանոնները հուշում էին, որ դաշնակցական պատգամավորը պետք է առանձնակի երկյուղածությամբ թափահարեր ոչ թե ԱՄՆ-ի, այլ մեկ ուրիշ աշխարհաքաղաքական կենտրոնի՝ Պուտինի և Լավրովի երկրի՝ Ռուսաստանի Դաշնության Անկախության հռչակագիրը, բայց դե, ախր, նման ձևակերպմամբ փաստաթուղթ պետք է գոյություն ունենար, որ խեղճ Մանուկյանն էլ թափահարեր... Ի դեպ, եթե իշխող ուժի որևէ ներկայացուցիչ ՀՀ ԱԺ-ում ՌԴ-ի հետ կոշտ դիմակայության մեջ գտնվող երկրի «ծննդականը» ցույց տար, հաստատ Մանուկյանի գաղափարակիցները նման քայլը կմեկնաբանեին այսպես՝ «Հայաստանն այս արկածախնդիր քայլով վերածվեց  աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմի»։ Ինչևէ։   


Արդ, ի՞նչն էր պարոն Մանուկյանին ստիպել ԱԺ հայտարարությունների ժամին ամբիոն  բարձրանալ  1776 թվականի հուլիսի 4-ին ընդունված փաստաթղթով։ Պատասխանենք՝  ՀՀ Սահմանադրական դատարանին քլնգելու խղճուկ փորձը, այն բանի համար, որ  հանդգնել է իր սեպտեմբերի 26-ի որոշման մեջ մասնագիտական կարծիք հայտնել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված  պարտավորությունների՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով։  ՍԴ այդ որոշման  մեջ, ահա, Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության «սրտի ՍԴ»-ն, ըստ Մանուկյանի և նրա մյուս օպոզիցիոն կոլեգաների՝ պատգամավորա-պրոֆեսորա-փորձագիտական «համքարության», հանդգնել է «ձեռք բարձրացնել» մե՛ր «սրբության սրբոցի»՝ ՀՀ Անկախության հռչակագրի վրա և «տողատակերով» ինչ-որ բաներ հասկացնել։ «Հռչակագրի ընդունման 34-րդ տարում, ցավոք սրտի, ՀՀ-ում, ցավոք սրտի, ՍԴ-ն հարձակվել է  փաստաթղթի վրա, որը հակասահմանադրական է։ Սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի սահմանադրականության դիմումում անգամ Կառավարությունը ՍԴ-ից չի ակնկալել Անկախության հռչակագրի մեկնաբանումը։ Այդ դեպքում ինչո՞ւ է որոշման մեջ տողատակերում տեղ գտել Հռչակագրի առանձին կետերի, ի մասնավորի՝ Արցախին վերաբերող դրույթի եզրակացությունը։ Այստեղ է թաղված շան գլուխը։ Խուճուճ ձևակերպումներով տողատակի մեջ ՍԴ եզրակացության այս հատվածը պետք էր Նիկոլ Փաշինյանին, որ Ադրբեջանի ամեն օր ահագնացող, այդ թվում ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջներին պատասխանեն, Ալիևի պահանջը կատարված է, ՍԴ-ն արդեն ունի որոշում։ Ու վերջում՝ Մավրն արեց իր գործը, Մավրը կարող է հեռանալ։ Այս որոշման հեղինակ Վահե Գրիգորյանը թերևս առաջիկայում նշանակվի Եվրադատարանում ՀՀ ներկայացուցիչ։ 9 տարով հայդե Ստրասբուրգ, իսկ մենք մնալու ենք ՀՀ-ում  ու հարկ եղած դեպքում պաշտպանելու ենք ՀՀ-ն»։ Ասաց պարոն Մանուկյանը, ձեռքն առավ թուղթ-թամասին ու հայդե... իր տեղը։

 

Քանի որ  ընկեր  Գեղամը ձեռնածության (մանիպուլյացիա) հմուտ վարպետ է և ելույթ ունենալիս առաջնորդվում է իրեն լսողների՝ հիմար ու տգետ լինելու կանխավարկածով, ապա հարգելի ընթերցողի  համար պարզաբանենք. ՍԴ-ն իր սույն որոշումը կայացրել է կոլեգիալ հիմունքներով (հետևյալ կազմով՝ Ա. Դիլանյան (նախագահող), Վ. Գրիգորյան, Հ. Թովմասյան, Դ. Խաչատուրյան, Հ Հովակիմյան, Է. Շաթիրյան, Ս. Սաֆարյան, Ա. Վաղարշյան, մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մ. Գրիգորյան): Մանուկյանը եթե կարդացել է իր կողմից վկայաբերված ՍԴ որոշումը, ապա պետք է  վերնագրից հետո անմիջապես նկատած լիներ ՍԴ կազմում հիշատակված մի հոգեհարազատ անուն-ազգանուն՝ գործող Սահմանադրության  «հայր», իրավագիտության «գուրու» Հրայր Թովմասյան։  Այնպես որ, եթե Մանուկյանը    ՍԴ-ին մեղադրում է ամոթալի հանցանքի՝ Մայր օրենքի վրա «հարձակվելու» մեջ,  ապա պետք է իմացած լինի՝ պոտենցալ հարձակվածների թվում է Հրայրը  Թովմասյան։  Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ սիրուն չի, Գեղա՛մ։


Նկատենք, որ ՍԴ որոշման հրապարակումից հետո (հրապարակվել է ՍԴ նախագահ Ա. Դիլանյանի անունից) անցել է մի քանի օր, սակայն  ՍԴ որևէ դատավոր, անգամ ընդդիմության «սրտի» կամ «թոքի» դատավոր Հրայր Թովմասյանը «հատուկ կարծիք»-ով հանդես չի եկել այս «խայտառակ», Ալիևի պահանջով գրված որոշման վերաբերյալ։ Ի դեպ, որոշման մեջ մատնանշված են Հռչակագրի շարադրանքի մի շարք, Գեղամ Մանուկյանի խոսքով՝ «վերախմբագրումները», որոնք տեղ են գտել գործող և նախկին Սահմանադրությունների մեջ։  Տեսնես ովքե՞ր են այն «խելագարները», որոնք Հռչակագրի կետերը նույնությամբ, ճշգրտորեն՝ առանց որևէ տառ ու բառ հանել-ավելացնելու՝ Սահմանադրության մեջ արտացոլելու փոխարեն որոշել են դրանք  ադապտացնել ՀՀ-ում ստեղծված նոր իրավաքաղաքական իրավիճակին։


Հ.Գ. Անկախության հռչակագրում, ինչպես հայտնի է, որպես նախաբան մասնավորապես հիշատակված է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։ «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշումը, որն այդպես էլ անկատար մնաց՝ որպես ՀՀ անկախության «ծննդյան վկայականի»  հռչակագրային դրույթ, եթե կուզեք՝ ազգային իղձ կամ փափագ։ Որոշումն այդ բաղկացած է 6 կետից, մասնավորապես.   


«Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա և արձագանքելով հայ ժողովրդի՝ բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են.


1. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր-ներկայացուցիչների 1989 թվականի օգոստոսի 16-ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում: ...



3. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները:


 

4. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը ստեղծում են համատեղ հանձնաժողով (իր աշխատանքային ապարատով)՝ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումն իրագործելու ուղղությամբ գործնական քայլեր մշակելու համար:

5. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը պարտավորվում են ներկայացնել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության ազգային շահերը։...»:


Նշենքնաև, որ1989-ի դեկտեմբերի 6-ին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշել էր «ստեղծել Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշումը կենսագործող հանձնաժողով», որի կազմում էր նաև  Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը։ Նրա անվան դիմաց գրված է «Ղարաբաղի մետաքսի կոմբինատի կուսակցական կոմիտեի քարտուղար, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահության անդամ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ»։ Այդ հանձնաժողովի կազմում էին Վազգեն Մանուկյանը, Օլեգ Եսայանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և այլք։ 


 

Գեղամ Մանուկյանին հարց ունենք՝ ինչո՞ւ նախկին իշխանությունները Սահմանադրության նախաբանում գրել, բայց  այդպես էլ ի կատար չեն ածել մեր ազգային իղձն ու փափագը՝ «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը», ո՞վ էր նրանց ձեռքից բռնել, խանգարում կամ ոտքի տակը փորում։ ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյա՞նը։ 


Հ. Մանուկյան