ԱՄՆ-ն պետք է զսպի Իսրայելին. հետևանքները անկանխատեսելի կարող են լինել նաև ՀՀ-ի համար

Իսրայելը ոչ միայն Իրանին, այլև ԱՄՆ-ին է ցանկանում ներքաշել պատերազմի մեջ։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը։


Իրանը, նրա կարծիքով, այլ ելք չուներ, և Իսրայելի կողմից Լիբանանում ցամաքային գործողություն իրականացնելուց և «Հըզբոլլահի» ղեկավարներին վերացնելուց հետո ստիպված էր պատասխանել՝ այդ թվում դեմքը փրկելու համար։ «Միացյալ Նահանգները պետք է զսպի Իսրայելին։ Եթե չկարողանան դա անել, ապա անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել՝ այդ թվում մեզ համար»,- ասաց քաղաքագետը։


Հայաստանն, ըստ նրա, ուղղակի պետք է պատրաստ լինի պատերազմական զարգացումների։ «Հայաստանը պետք է իր ներքին վիճակը կարգավորի, խժդժություններ չմտցնեն Հայաստանի հասարակության մեջ, որովհետև պառակտված հասարակությունը խոցելի է, և պետք է բանակը կարգի բերվի՝ բացի զինելուց, նաև կադրային փոփոխություններ արվեն, որպեսզի կրկին չասեն՝ 60 գեներալ չի ենթարկվել հրամանի, և մենք պարտվեցինք»։


Դալլաքյանի կարծիքով՝ նույնիսկ այս անգամ Իրանի պատասխանը Իսրայելին բավականին զուսպ էր, քանի որ զոհեր չեն եղել։ Իրանը չի ուզի այս պահին Միացյալ Նահանգների հետ մտնել պատերազմի մեջ և այդ պատճառով, ըստ Դալլաքյանի, համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ հարվածներ կատարելու հարցում։


«Բոլորը բարձրացնում են խաղադրույքները, և պետք է Նեթանյաուին կուլիսային մակարդակով կոչ անել չսրել իրավիճակը։ Բայց եթե սրի, որը բացառված չէ, Իրանը չի նստելու սպասի՝ ամեն ինչ հնարավոր է, առաջիկա մի քանի օրը շատ կարևոր են»,- ասաց Լիլիթ Դալլաքյանը։


Ըստ նրա՝ Իրանի հիբրիդ գործիքներին Իսրայելի հարվածները ձեռնտու են ԱՄՆ-ին, սակայն ոչ Իրանին հասցված ուղիղ հարվածները. «Միացյալ Նահանգներին ձեռնտու չէ Իրանի վերջնական թուլացումը»։


Անդրադառնալով ներքին կայունությանն ու ընդդիմության այսօրվա հանրահավաքին՝ Լիլիթ Դալլաքյանն ասաց, որ նրանց պայքարը ուղղորդվում է դրսից, և խնդիր ունեն նվազագույնը մասնատել հասարակությանը, անընդհատ լարված պահել և չթողնել, որ Հայաստանը զբաղվի իր գործերով, գնա բանակի զինմանը, Ալիևին էլ խաղաքարտ տալ, որ ասի, թե ՀՀ-ում ռևանշիստական ուժեր կան և այլն։ Երկրորդ և առավելագույն խնդիրը նրանց համար, Դալլաքյանի կարծիքով, Փաշինյանի հեռացումն է՝ այն պահին, երբ Փաշինյանը լիովին դուրս կգա Պուտինի վերահսկողությունից։ «Չի մարի այս շարժումը՝ մեկ կլինի բազմամարդ, մեկ՝ փոքրաթիվ։ Բայց այս շարժումը չեն ավարտելու, մինչև դա դրսից չհամաձայնեցվի, իսկ ես չեմ տեսնում, որ մոտ ապագայում Ռուսաստանը այստեղ կայունություն ուզի։ Այո՛, կարող են նաև առաջնորդները փոխվել։ Դեռ նպատակը քաոսային իրավիճակը պահելն է»։


Քաղաքագետը նկատեց, որ եկեղեցու առաջնորդների հեղինակությունը ընկել էր այս շարժմանը մասնակցելով, և տեսնելով, որ շարժումը չի հաջողում, այժմ փորձում են դիստանցավորվել։ Մյուս կողմից՝ Դալլաքյանը կարծում է, որ եկեղեցու ղեկավարի վրա կան ճնշման լծակներ։ «Դա կլինի իր կողմից անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը, ես հղում եմ անում իշխանական պատգամավորի, նիստում է ասվել, որ պետք է գույքագրում անել, թե որ ձեռնարկություններն են պատկանում կաթողիկոսին, ու Գարեգին Բ-ն էլ չի հերքում, դատի էլ չի տալիս, ուրեմն կան լծակներ, որպեսզի նրան պահեն գոնե բալանսավորված իրավիճակում։ Բայց եթե եկեղեցու ղեկավարը տեսնի, որ հնարավորություն կա ազատվելու իշխանություններից, և նախկին իշխանությունները հասնում են դրան՝ միանշանակ կփոխի իր դիրքորոշումը, ինչպես շատ խոշոր սեփականատեր դարձած գործարարներ»,- ասաց Դալլաքյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան