Շիրակի թեմի առաջնորդ Միքայել
Աջապահյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ Գալստանյանի անհաջողություններից մեկը
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ստվերն ու ուրվականն է, ու նշել է, որ «Բագրատ սրբազանը չի կարող ազատվել այդ ուրվականններից, երկրորդ
նախագահը, նրա որդին և երրորդ նախագահը պետք է հեռանան քաղաքական ասպարեզից, եթե նպատակը
հայրենիքի փրկությունն է»։ Աջապահյանի այս հայտարարությունից
հետո Քոչարյանի գրասենյակից և ՀՀԿ-ից հնչել են կոշտ արձագանքներ։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը
զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ
Ղևոնդյանի հետ։
«Ես կարծում եմ՝ արդեն ակնհայտ է, որ տվյալ քաղաքական ակցիայի միջոցով
էական փոփոխությունների հասնել հնարավոր չէ, և այս առումով կա որոշակի երկփեղկվածություն
այս քաղաքական կոնտինգենտի մոտ, որտեղ փորձում են գործողություն իրականացնողները և
անձամբ Բագրատ Գալստանյանը ինչ-որ զուգահեռներ տանել և գոնե վերակազմավորել այս գործընթացը,
այս դերակատարներին, որպեսզի պատրաստվեն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։
Եվ կա մեկ այլ հատված, որի ներկայացուցիչը, գուցե Աջապահյանը, գտնում է, որ իրենք այդ
գործընթացի մեջ գտնվել չեն ցանկանում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին
մասնակցելու և այսպիսով գուցե նորից երկրորդ կամ գուցե երրորդ տեղը լինելու խորհրդարանում։
Եվ նրանք քննադատում են այս մյուս հատվածին, որը գնում է այդ ճանապարհով»,- ասաց քաղաքագետը։
Հարցին, թե արդյոք փորձ է արվում
քաղաքական թատերաբեմից դո՞ւրս թողնել Բագրատ Գալստանյանին, Ռոբերտ Ղևոնդյանն ասաց,
որ չի կարծում, թե կա նման բան, և ըստ նրա՝ այստեղ ոչ թե այդ անձին դուրս թողնելն է,
որովհետև խոշոր հաշվով այդ անձը քաղաքական թատերաբեմում կամակատար է, ինչ-որ մեկի կամ
մի քանիսի կամակատարն է, լուրջ չի ընկալվում, և նա խոշոր իմաստով քաղաքական հավակնություններ
ունենալ չի կարող։
«Այստեղ խնդիրն այն է, որ կա
հետագայի վերաբերյալ որոշակի երկփեղկվածություն։ Մարդիկ կան, որ կարծում են՝ արժե գնալ
այս ճանապարհով և 2026 թվականին փորձել հնարավորինս
ավելի մեծ մասնաբաժին ստանալ իշխանությունից, գուցե ընդդիմության տեղը, նորից ինստիտուցիոնալ
ընդդիմություն դառնալ։ Մարդիկ կան, որ կարծում են՝ չարժե դրա համար աշխատել»,- նշեց
քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան