Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կարծում է, որ Ադրբեջանը միտված չէ Հայաստանի հետ կայուն խաղաղության հասնելուն։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով խաղաղության պայմանագիրը համաձայնեցված կետերով ստորագրելու Հայաստանի առաջարկն Ադրբեջանի կողմից մերժելու հարցին, Ջոն Ինյարիտուն նշել է, որ Ադրբեջանն այդպիսի մարտավարությամբ նպատակ ունի Հայաստանին զիջումներ պարտադրել։
«Ադրբեջանի այդ դիրքորոշումը, հավանաբար, բխում է ինչպես այդ երկրի քաղաքականությունից, այնպես էլ բանակցությունների նկատմամբ նրա ունեցած ավտորիտար մոտեցումից»,-նշեց պատգամավորը:
Ինյարիտուի գնահատմամբ՝ Հայաստանի առաջարկն Ադրբեջանի կողմից մերժելը կարող է պայմանավորված լինել չլուծված հարցերի նկատմամբ վերահսկողության պահպանման և Հայաստանին հետագա զիջումների մղելու նպատակադրմամբ:
Նա, այդուհանդերձ, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե որքան կարևոր է գիտակցելը, որ նույնիսկ համաձայնագրի ստորագրումն անպայմանորեն չի երաշխավորում Ադրբեջանի հավատարմությունը դրան։
«Մենք դա տեսել ենք նախկինում, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի դեպքում, որն Ադրբեջանը բազմիցս խախտել է։ Այս խախտման հետևանքներն են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները և Արցախի քաղաքացիական անձանց և առաջնորդների շարունակվող անօրինական կալանավորումը Բաքվում, որոնք օգտագործվում են որպես բանակցություններում սակարկությունների առարկա և որպես նվաստացման ձև Հայաստանի դեմ»,-նկատեց Ջոն Ինյարիտուն:
Մանրամասները՝ սկզբանղբյուր կայքում