ՀՀ-ն հուսով է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել մեկ ամսվա ընթացքում․ Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի դրույթները կստորագրեն մոտակա չորս շաբաթների ընթացքում։


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահն այս մասին հայտարարել է Reuters գործակալության հետ զրույցում։ 


Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Երևանը հույս ունի, որ Բաքուն կստորագրի համաձայնեցված հոդվածները մինչև նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք կլիմայի փոփոխության COP29 համաժողովը: 


ՀՀ նախագահը Համբուրգի կայունության համաժողովի շրջանակներում Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը հենց հիմա կստորագրեր խաղաղության պայմանագիրը, եթե դա կախված լիներ միայն հայկական կողմից։ «Հուսով ենք, որ վաղ թե ուշ մենք կհասնենք այդ կետին»,- ասել է Խաչատուրյանը։ 


ՀՀ նախագահը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ դեռևս բանակցություններ են ընթանում։ 


ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն, անդրադառնալով նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, նշել է, որ դրանք լավ են ընթանում, և քննարկվում է երրորդ երկրների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների համար երկու երկրների միջև սահմանը բացելու հարցը։


«Սա ազդանշան կլինի, որ իրական դիվանագիտական ​​հարաբերություններն իրականություն են դարձել», - իր խոսքում նշել է ՀՀ նախագահը։