ԵՊՀ նախկին դասախոս Ցոլակ Ակոպյանի կիսահաղթանակը․ «Հաղթել», բայց բողորքարկել

Երբեմն կյանքում մեզ հանդիպում են իսկական հերոսներ, այնպիսիք, որոնք կարողանում են նույնիսկ սեփական հաղթանակները «բողոքարկել»: Ահա մեր «հաղթողը»՝ Ցոլակ Ակոպյանը, որը հպարտությամբ և բարձր գլխով ամենուր պատմում է, թե ինչպես է ԵՊՀ-ի դեմ դատը «հաղթել», իսկ հետո, բա՜մ, դիմում է Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու։ Ինչո՞ւ։ Որ հանկարծ հաղթանակը չփախչի՞ ձեռքից, թե՞ այս «հաղթանակը» նրան բավարար ուրախություն չի պատճառել, և ինքն էլ որոշել է ուրախությունը կրկնապատկել։ Ասում են՝ «հաղթանակի համը քաղցր է», բայց, ըստ երևույթին, մեր հերոսը նախընտրում է բողոքի թթու համը: Եթե հաղթել ես, բողոքելու բան չկա, չէ՞։ Բայց ո՜չ, երևում է՝ հաղթանակը միայն առաջին քայլն է, իսկ այ Վերաքննիչ դատարանում բողոքարկելն է մեր հերոսի համար իսկական «բարձունք»։ Հարց է առաջանում՝ իսկ ե՞րբ է վերջապես հաղթանակը իսկական դառնում։ Երբ դատարանը քո օգտին որոշո՞ւմ է կայացնում, թե՞ երբ սկսում ես բողոքարկել այդ որոշման դեմ։


ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի նախկին ասիստենտ Ցոլակ Ակոպյանը իրականում կես հաղթանակ է տարել։ Նա ԵՊՀ-ի դեմ քաղաքացիական հայց էր ներկայացրել, ըստ որի՝ ԵՊՀ-ն շուրջ 3 մլն դրամ փոխհատուցում պետք է տրամադրեր հայցվորին։ Դատարանը, սակայն, Ակոպյանի հայցը բավարարել էր մասնակի։ Ըստ վճռի՝ ԵՊՀ-ից հօգուտ հայցվորի կբռնագանձվի շուրջ 442 հազար դրամ։ Ակոպյանն էլ համարվում է աշխատանքից ազատված՝ 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ։ Մինչդեռ հայցվոր կողմը պնդում էր, թե պատշաճ ծանուցված չի եղել ու պետք է մինչև այսօր համարվեր ԵՊՀ աշխատակից ու վճարվեր այս ամիսների համար։ Ինչևէ՝ 442 հազար դրամ ԵՊՀ-ն կհատուցի Ակոպյանին, եթե Վերաքննիչը առաջին ատյանի վճիռը չփոխի՝ մնացած մասով դատարանը հայցը մերժել է։ Ահա այս կիսատ-պռատ հաղթանակն է, որ Ակոպյանին հանգիստ չի տալիս, ու դիմել է Վերաքննիչ դատարան, սակայն «նավսյակի» այստեղ-այնտեղ հայտարարում է, թե հաղթել է ԵՊՀ-ի դեմ հայցում, ու չի էլ նշում, որ դեռ վերաքննիչ դատեր են լինելու՝ հասկանալով, որ դրանից հետո գուցե ստիպված լինի պարտության մասին պատմել։ Ինչևէ՝ արձանագրենք, որ Ակոպյանը մասնակի է հաղթել ու գոհ չէ այդ հաղթանակից, սակայն ներկայացնում է, թե իբր բավարարված է իր պահանջը։