Գինը վաղուց է վճարված, ռուսները հենց այնպես պետք է գնան Հայաստանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով։


Թեմայի վերաբերյալ  Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։


«Սա դրական զարգացում է՝ պայմանավորված երկու գործընթացով. առաջինը նրանով, որ Հայաստանում է վերաիմաստավորվում սուվերենության կարևորությունը և նշանակությունը, ինչին 30 տարի մատների արանքով է նայվել, և երկրորդը, որ Ռուսաստանն ինքն է ուղղակի դրամատիկ կերպով թուլանում, և այդ թուլության դրսևորումն էլ այն է, որ այս որոշումն ի վերջո դառնում է հնարավոր։ Եվ Հայաստանն էլ, այո, այս հնարավորությունների պատուհանն օգտագործում է իր սուվերենության ամրապնդման համար։ Սա շատ կարևոր է, բայց միջանկյալ փուլ է, որովհետև հաջորդ փուլը պետք է լինի ընդհանրապես ռուսական ՖՍԲ-ի ուժերը Հայաստանից դուրս բերելը, Ազատության պողոտայի վրա գտնվող ՖՍԲ-ի սահմանապահ զորքերի շտաբը լիկվիդացնելը և այդ շենքը ՀՀ-ին հանձնելը»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։


Վերջինս նշեց, որ դրան զուգահեռ նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ողջ միավորները, այդ թվում և Էրեբունու ռազմաօդային բազան, 102-րդ բազան Գյումրիում, դրանք ևս ենթակա են փակման, և օր առաջ։


 Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ դատելով այն տրամաբանությունից, որը կա ընդհանրապես ՀՀ քաղաքականության մեջ 2022  թվականից, սա վաղ թե ուշ պետք է տեղի ունենար, և շատ լավ է, որ տեղի ունեցավ միանգամից, երբ որ ըստ էության ռուսական ներկայությունն Արաքս գետի ափին իհարկե ամբողջությամբ չի վերանում, բայց էապես նվազում է, իսկ սա նաև բերում է նրան, որ նվազում են հիմքերը, որ ռուսները կշարունակեն այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունն ընդհանրապես գործածել։

 


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան