ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում պատրաստված և օրերս լույս տեսած զեկույցում՝ «Պայքար
Ռուսաստանի հետ. նախապատրաստություն երկարաժամկետ ռուսական սպառնալիքի դեմ» խորագրով,
մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասին։ Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ում
հին պատկերացումներ կան Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մասին։ Մասնավորապես՝ «թավշյա»
հեղափոխությունից հետո Հայաստանն այլևս ՌԴ գործընկերը չէ տարածաշրջանում։
Զեկույցը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքականություն մշակողներին փոխել իրենց քաղաքականությունը
տարածաշրջանում։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը
նշեց, որ ամերիկյան իսթաբլիշմենթում ընդունված է համարել, որ Չինաստանն ավելի մեծ խնդիր
է, քան ՌԴ-ն։ Հելսինկյանում, ըստ Իոաննիսյանի, շատ լավ պատկերացումներ ունեն տարածաշրջանի
մասին, սակայն, ցավոք, միշտ չէ, որ դա վերածվում է ամերիկյան արտաքին քաղաքականության։
Միաժամանակ Իոաննիսյանը կարծում է, որ տենդենց կա Հայաստանին ավելի լավ հասկանալու
նաև պետքարտուղարությունում։ «Հիմա ամերիկյան էսթամբլիշմենթում շատ ավելի են հետաքրքրված
ռեգիոնով և շատ ավելի տեղյակ են։ Պրոգրես ակնհայտ կա։ Մի քանի բան է, որ ազդեցություն
է ունեցել այդ փոփոխության վրա. մեկը իրողությունների փոփոխությունն է, մյուսը այն
աշխատանքն է, որ անում են մի շարք խմբեր, այդ թվում՝ քաղհասարակությունը՝ թե՛ հայաստանյան,
թե՛ ամերիկյան կազմակերպությունները։ Նաև բավականին շատ աշխատանքներ հայ-ամերիկյան
հարաբերությունների խորացման և մանրակրկիտացման ուղղությամբ անում է ԱՄՆ-ում մեր դեսպանը»,-
ասաց Իոաննիսյանը։
Զեկույցում նշվում է նաև, որ տարածաշրջանում պետք է ուժեղացնել Թուրքիայի դերը՝
նվազեցնելով Մոսկվայի դերակատարումը։ Իոաննիսյանը համարում է, որ Թուրքիան փոխվել է
ու 20-30 տարի առաջվա Թուրքիան չէ, ու այս ուղղությամբ պետք է հայկական կողմը աշխատանք
տանի՝ ներկայացնելու համար, որ Թուրքիան ավելի մեծ հավակնություններ ունի հիմա, քան
առաջ, ու նախկինում ավելի ադեկվատ երկիր էր։ Միաժամանակ Հայաստանը պետք է լեզու գտնի
Թուրքիայի հետ։
Զեկույցի հեղինակները համարում են, որ ԱՄՆ-ն պետք է ավելի ինտենսիվ կերպով օգնի
Հայաստանին, նաև պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս խաղաղության
պայմանագիր կնքի Հայաստանի հետ։
Իոաննիսյանը նկատում է նաև, որ Ադրբեջանը ունի աշխարհագրական այնպիսի դիրք, որ
Միջին միջանցքը պետք է անցնի կա՛մ ՌԴ-ով, կա՛մ Իրանով, կա՛մ Ադրբեջանով։ Հաշվի առնելով
ՌԴ-ի և Իրանի հետ Արևմուտքի հարաբերությունները՝ Ադրբեջանը այս առումով մեծ արժեք է
ներկայացնում Արևմուտքի համար։
«Ադրբեջանցիք համարում են, որ, այո՛, այդքան կան՝ Արևմուտքի հետ նաև շանտաժի լեզվով
խոսելու համար։ Օբյեկտիվորեն իրենք իրենցից ինչ-որ արժեք ներկայացնում են՝ նվազագույնը
աշխարհագրական դիրքով։ Միգուցե իրենց հաշվարկը նաև այն է, որ Ամերիկայում ինչ-որ պահից,
այդ թվում՝ ընտրություններից կախված, կասեն՝ Ադրբեջանը մեզ համար ավելի կարևոր է, Ադրբեջանի
միջոցով Իրանին հակակշռելը նաև ավելի կարևոր է, քան մարդու իրավունքների կամ ժողովրդավարության
հետ կապված ինչ-որ հարցեր։ Ցավոք, Թրամփի՝ իշխանության գալով դա հնարավոր սցենար կարող
է լինել»,- ասաց Իոաննիսյանը։
Անդրադառնալով Հայաստան-Իրան անցակետից ռուս սահմանապահների դուրսբերմանը և ՀՀ-Իրան
ու ՀՀ-Թուրքիա սահմաններում նաև հայ սահմանապահների ներգրավմանը՝ Իոաննիսյանն ասաց,
որ սա Հայաստանի հետևողական քաղաքականության
հետևանք է։
Այս քայլերի գինը, ըստ նրա, մենք վճարում ենք։ Այդ քայլերի գինն է այն, որ Հայաստանում
հեռարձակվում են ռուսական հեռուստաընկերություններ, ՀԱՊԿ-ից դեռ դուրս չենք գալիս,
ՀՀ տարածքում ունենք ռազմաբազա և այլն։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան