Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ բացահայտվել է 2024 թ․ ապրիլի 13-ին Կապանում կատարված 63-ամյա տղամարդու սպանության իրական հանգամանքները։
«2024 թ․ ապրիլի 18-ին քաղաքացու կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024 թ ապրիլի 13-ին իր հայրը՝ Կապան քաղաքի 63-ամյա բնակիչը, տանից էշով դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Նույն օրը, երեկոյան իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել էր որոնվող տղամարդու կիսայրված մարմինը՝ թաղված Կապանի 35-ամյա բնակչի տան բակում։ 63-ամյա անձի սպանության կասկածանքով ոստիկանության աշխատակիցների կողմից նշված անձը ձերբակալվել էր:
Դեպքի առթիվ ապրիլի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Նախաքննությամբ կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք էին բերվել փաստական տվյալներ առ այն, որ 63-ամյա տղամարդը ապրիլի 13-ին՝ ժամը 17։00-18։00-ի սահմաններում, Կապանում հանդիպել է իր 35-ամյա ծանոթին ու առաջարկել նրա տան բակում միասին օղի խմել։ Տանտիրոջ համաձայնությունը ստանալուց և միասին խմելուց հետո 63-ամյա տղամարդը խոսակցության ընթացքում անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել Կապանի 35-ամյա բնակչի և նրա մոր հասցեին։ Այդ պատճառով առաջացած վիճաբանության ընթացքում վերջինս դիտավորությամբ հարվածներ է հասցրել 63-ամյա համաքաղաքացու մարմնի տարբեր մասերին, այդ թվում նաև՝ կենսական կարևոր օրգան հանդիսացող գլխին։
Նախաքննության սկզբնական շրջանում, փորձելով մոլորության մեջ գցել վարույթն իրականացնող մարմնին՝ 35-ամյա տղամարդը հայտնել էր, որ վիճաբանությունը հարթվել է, ինչից հետո Կապանի 63-ամյա բնակիչը գիշերել է նշված տանը։ Հաջորդ օրը՝ առավոտյան, վերջինիս գտնելով մահացած վիճակում և վախենալով, որ նա մահացել է իր հասցրած հարվածներից՝ որոշել է մարմինը թաքցնել։ Այդ նպատակով՝ դիակը տեղափոխել է իր տան հետնամաս, թողել մինչ այդ այգում իր կողմից վառած թփերի կիսայրված զանգվածի վրա, ապա նկատելով, որ տղամարդու մարմինն այրվում է, փոս է փորել ու դիակը թաղել այնտեղ՝ հողի հետ դրա վրա լցնելով նաև այրված թփերի կիսամոխրացած զանգվածը։