Պատվերը իջեցված է, գինը՝ վճարված․ այդ ուժերի շանսերը զրոյական են

Ժողովուրդը, կարծում եմ, միանգամայն համարժեք գնահատական է տալիս բոլոր այդ դիմադրության, ընդդիմության, հաղթանակի, հույսի, հավատի, սրբազան ու ոչ այնքան սրբազան շարժումներին հենց նրանով, որ չի միանում այդ շարժումներին։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անահիտ Ադամյանը:


ՌԴ դաշնային ծառայության ղեկավարը նշում է, որ ԵՄ քաղաքացիական դիտորդները ծաղիկներն են, նպատակն է՝ դե ֆակտո ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հայաստանում։ Եվ այս ամենից խիստ անհանգիստ են Մոսկվան և Բաքուն։


Արձագանքելով այս դիտարկմանը՝ մեր զրուցակիցն ասաց.  «Դա տեղավորվում է ՌԴ-ի՝ Հարավային Կովկասում վարած քաղաքականության մեջ։ Առիթով ու անառիթ ռուսներն անընդհատ հայտարարում են, որ ՀՀ-ն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս ռուսական ազդեցությունից ձերբազատվի և այդ ազդեցությունը փոխարինի Արևմուտքի ուժերով։ Լիովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, և պատահական չէ, որ թե՛ Ռուսաստանի Դաշնությունից, թե՛ Ադրբեջանից անընդհատ հնչում են նույն կեղծ մեղադրանքները առ այն, որ եվրադիտորդները Հայաստանի տարածքում զբաղվում են լրտեսությամբ, չգիտես՝ ում են լրտեսում, բանը հասավ նրան, որ նույնիսկ եվրադիտորդները հերքեցին այդ մեղադրանքները»։


Նա նշեց, որ առաջինը Ռուսաստանից են այդ հայտարարությունները հնչել, ու Ադրբեջանը պարբերաբար է արձագանքում, բայց եթե եվրադիտորդներին Հայաստանից ընդհանրապես դուրս մղելու խնդիր է դրված, ապա միանշանակ է, թե դա ում օգտին է։


  Հայաստանյան ընդդիմությունը իդենտիկ կերպով կրկնում է ադրբեջանական և ռուսական նարատիվները։ Նույնիսկ հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններից ռուսների դուրսբերումը փորձ է արվում այդ շրջանակի կողմից այլ ձևով ներկայացնել։


Հարցին, թե ինչ խաղ են խաղում, և որն է այս շրջանակների նպատակը, Անահիտ Ադամյանն ասաց. «Այդտեղ որևէ զարմանալի նարատիվ չկա, որովհետև այն ուժերին, որոնք դուք անվանում եք Հայաստանի ընդդիմություն, նրանք Հայաստանի ընդդիմությունը չեն, նրանք պարզապես Ռուսաստանի ազդեցության գործակալներն են ՀՀ-ում։ Եվ միանշանակ է, որ իրենց խոսույթն էլ, իրենց գործողություններն էլ, իրենց նպատակներն էլ պետք է համադրվեն և պետք է բխեն ՌԴ-ի շահերից։ Այլ խնդիր է, թե ինչու է ՀՀ-ում նման ուժ ձևավորվել և ինչու ՀՀ-ում նման ուժ գոյություն ունի ու դեռ հավակնում է իշխանափոխության և իշխանության գալու։ Եվ որքանով են այդ հավակնություններն իրական։ Ես կարծում եմ, որ ոչ միայն իրական չեն, այլև զրոյական են, բայց պայքարը շարունակվում է, որովհետև պատվերն իջեցված է, գինը վճարված է, ու բնական է, որ պատվերը պիտի կատարվի։ Այստեղ գլխավոր գործոնը դառնում է ՀՀ ժողովուրդը, իսկ ժողովուրդը, կարծում եմ, միանգամայն համարժեք գնահատական է տալիս բոլոր այդ դիմադրության, ընդդիմության, հաղթանակի, հույսի, հավատի, սրբազան ու ոչ այնքան սրբազան շարժումներին հենց նրանով, որ չի միանում այդ շարժումներին։ Ուստի կարծում եմ՝ այդ պատմությունը բարեհաջող կավարտվի 2026-ի ընտրություններին»։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան