Վարչապետի պարզաբանումը` «Խաղաղության խաչմերուկ»-ի մասով ինչ են ուզում` ՌԴ-ն, Արևմուտքը և տարածաշրջանի երկրները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ այլ երկրների նկատառումներին:  «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում ոսւնեցած ելույթում Փաշինյանը հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանն աջակցում են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, իսկ Թուրքիայի դիրքորոշումների հետ նախագիծը կարող է համադրվել: 


Անդրադառնալով «խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաներյալ Իրանի տեսակետին՝ վարչապետը նշեց. «Իրանի Իսլամական Հանրապետությունն այն քիչ երկրներից է, որ հստակ աջակցություն է ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:


Վրաստանը, ըստ վարչապետի, նույնպես «Խաղաղության խաչմերուկ» նախագծին աջակցող երկրներից է: 


Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ըստ Փաշինյանի՝ Թուրքիայի դիրքորոշումը կարող է համադրվել Հայաստանի դիրքորոշումներին: «Ըստ էության, «Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ռեալ ինտեգրվել Միջին միջանցքի հետ, որը Թուրքիայի արտաքին քաղաքական կարևորագույն թեմաներից մեկն է: Դա շատ բնականոն ինտեգրում է: Մենք ոչ թե նախագիծը ստեղծել ենք՝ նկատի ունենալով, որ այն պետք է ինտեգրել Միջին միջանցքի նախագծի հետ, այլ այն բնական ճանապարհով ինտեգրվում է դրա հետ»,-ասաց Փաշինյանը:


Խոսելով Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ իր տպավորություններից՝ Փաշինյանն ասաց. «Տարանցիկ ուղիներն ունեն շատ էական և՛ տնտեսական, և՛ քաղաքական, այդ թվում՝ արտաքին քաղաքական նշանակություն: Ռուսաստանի Դաշնությունը կարող է ունենալ մտահոգություն: Այդ ամբողջ հոսքերի՝ այս տարածքով անցնելը նրա համար կարող է լինել ընդունելի, եթե ինքը շարունակի որոշակի ազդեցություն ունենալ այդ հոսքերի կառավարման վրա: Թե ինչ չափի ազդեցություն՝ էական չէ»: