7 անշարժ գույք թաքցնելու մեջ մեղադրվող Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը դատարանում խնդրեց արգելանքից հանել իրեն այլևս չպատկանող գույքը, որը «շատ-շատ է»․ մեղադրողը առարկեց
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում կայացավ Տավուշի նախկին մարզպետ, հանրապետական Հովիկ Աբովյանի՝ հայտարարագրում տվյալները դիտավորությամբ թաքցնելու գործով դատական նիստը։

Մասնավորապես` պարզվել է, որ Աբովյանը 2014 թվականի մայիսի 15-ից զբաղեցնելով ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ունենալով պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու դեպքում գույքի, եկամուտների ու շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, 2018 թվականի հունիսի 26-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում դիտավորությամբ չի ներառել` թաքցրել է հայտարարագրման ենթակա, Երևան քաղաքում և Տավուշի մարզում գտնվող առանձնապես խոշոր չափերով` ավելի քան  3 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով 7 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները: Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Հովիկ. Աբովյանին մեղադրանք է ներկայացվել ենթադրյալ հանցանքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի  314.3-րդ հոդվածի 2-րդ մասով։

Այսօրվա նիստում Դատարանը  նախ լսելով կողմերի առաջարկները սահմանեց  հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, ամրագրելով հետազոտման ենթակա ապացույցների ցանկը և հերթականությունը։ 

Ապա, մեղադրյալի պաշտպան Գոռ Միքայելյանը միջնորդեց Աբովյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքերի նկատմամբ արգելանքը վերացնել, քանի որ դրանք կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են։ 

Դատարանը խնդրեց պաշտպանին թվարկել այն գույքերը, որոնց վրա դրված արգելանքը պաշտպանական կողմը միջնորդում է հանել։ Ի պատասխան, Միքայելյանն ասաց, որ գույքերը շատ շատ են։ Ինքը՝ Հովիկ Աբովյանն էլ նշեց, որ բազմաթիվ գույքեր կան արգելանքի տակ, որ իրեն չեն պատկանում և արդար չէ այլ անձանց գույքերը պահել արգելանքի տակ, այդ մարդկանց անհարմարություններ պատճառել, միայն այն պատճառով որ իրեն ճանաչում են, շփվել են իր հետ։ Պաշտպանն էլ օրինակ բերեց արգելանքի տակ գտնվող տրանսպորտային միջոցը, որը Հովիկ Աբովյանը վաճառել է, սակայն այն հիմա գտնվում է արգելանքի տակ միայն այն բանի պատճառով, որ այն երբևէ պատկանել է Աբովյանին։ 

Բացի այդ, պաշտպանական կողմը միջնորդեց վերադարձնել Տավուշի նախկին մարզպետի որդուց առգրավված 13 մլն դրամ կանխիկ գումարը, որը քննիչը առգրավել է որպես իրեղեն ապացույց։

Պաշտպանը նաև դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդ գույքերի մի մասը, գտնվում է արգելանքի տակ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Հետևաբար, կրկնակի արգելանքը կորցրել է իր իմաստը։ 

Մեղադրող դատախազը առարկեց պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարելուն՝ նշելով, որ հիմքերը, որոնցով գույքերը արգելանքի տակ են դրվել, վերացված չեն։

Ի վերջո դատարանը որոշեց պաշտպան Միքայելյանի միջնորդության լուծումը հետաձգել մինչև միջնորդության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար էական հանգամանքների պարզումը։ 

Այսպիսով նախնական դատալսումների ընթացքում քննարկման ենթակա բոլոր հարցերը ավարտվեցին և դատավորը նիստը եզրափակեց։ Դատական նոր նիստ նշանակվեց ապրիլի 27-ին ժամը 17-ին։ 

Հովիկ Աբովյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով պտտվում էին լուրեր, որ կարող է կողմերը հաշտության գնան։ Դատական նիստի ավարտից հետո Civic.am-ի հետ զրույցում Աբովյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրի իսկությունը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։

Վովա Հակոբյան