ՀՀ-ի և Թուրքիայի շփումները կարևոր են. այլապես միայն Բաքուն է ապաշրջափակման թեման իրազեկում Անկարային

Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը սկսվում է տարածաշրջանի բոլոր կապուղիների ապաշրջափակման մասին ամրագրումով, և նրանք, որոնք այս մասին չեն մատնանշում, ուրեմն ունեն այլ նպատակներ։ Հաջորդ նախադասությունն անվտանգության ապահովման մասին է, որը, ըստ փաստաթղթի, երաշխավորում է ՀՀ-ն։ ՌԴ-ն վերահսկողություն է իրականացնելու տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ։ Ի՞նչ գործառույթ պետք է իրականացնի ՌԴ սահմանապահ ծառայությունը։ Այս հարցին Civic.am-ի հետ հարցազրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։


Պատգամավորը մեջբերեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որի համաձայն՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը պետք է վերահսկողություն իրականացնի ՀՀ կողմից Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության ապահովման նկատմամբ։ Մարիա Կարապետյանը ուշադրություն հրավիրեց նաև խաղաղապահների մասին հիշատակմանը, որտեղ նշված է «տեղակայում» բառը, և նշեց, որ զինվորականների ներկայության դեպքում նշվում է տեղակայել տերմինը, ինչը չկա սահմանապահների դեպքում։  


Անդրադառնալով Թուրքիայի տեսակետին՝ խաղաղության խաչմերուկի վերաբերյալ Մարիա Կարապետյանը նկատեց, որ Արևելք-Արևմուտք միջանցքի մի քանի տարբերակ կա։ Նշեց, որ Հայաստանի առաջարկած տարբերակը ոչ թե մրցակցում է մյուսների հետ, այլ՝ փոխլրացնում։ «Թուրքիայի տարբերակները շատ են, և, բնականաբար, մեր տարածքով՝ դեպի Կենտրոնական Ասիա, ապա Հեռավոր Արևելք կապն ապահովելու համար տարբերակներից մեկն է, ու եթե այս ճանապարհն աշխատի՝ Թուրքիայի համար շատ լավ կլինի, եթե ոչ՝ իրենց համար այդքան մեծ խնդիր չի լինի, քանի որ ունեն նաև այլ տարբերակներ։ Հայաստանն է, որ շահագրգռված է իր ապաշրջափակմամբ։ Ադրբեջանը երբեք չի ասում, թե  նոյեմբերի 9-ի 9-րդ կետի ո՞ր հարցում է, որ Հայաստանի կողմից չիրագործում է տեսնում։ Այս դիտանկյունից են նաև շատ կարևոր Հայաստանի և Թուրքիայի միջև շփումները, որովհետև առ այսօր Թուրքիային միայն Ադրբեջանն է, որ յուր մեկնաբանությունն է ներկայացնում ապաշրջափակման վերաբերյալ»,- ասաց Կարապետյանը։


Նա նկատեց, որ Հայաստանին մնում է հետևողականորեն աշխատել, համոզիչ լինել և ցույց տալ, որ Ադրբեջանի բարձրացրած վերապահումները անհիմն են, ու մենք պատրաստ ենք նույն պայմաններով՝ ինչ Իրանը, Ադրբեջանին տրամադրել ճանապարհ դեպի Նախիջևան։

 


Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան