Մեծ պատերազմը բացառում եմ․ Հայաստանը պետք է ստեղծի ռազմաքաղաքական ալյանսներ․ Ստեփանյան

«Խաղաղության խաչմերուկ. Միատեղելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով Երևանում անցկացվեց համաժողով: 


Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ զրուցել ենք այն մասին, որ միջազգային գործընկերները խաղաղության խաչմերուկի նախաձեռնությունը դրական էին որակում, ինչու չէ՝ նաև համարեցին փայլուն գաղափար, բայց մենք Ադրբեջանի կողմից այլ հայտարարություններ ենք տեսնում, ինչպես նաև, թե ինչ անելիք ունի այս առումով հենց միջազգային հանրությունը:


«Ես կարծում եմ՝ միջազգային հանրությունն իր անելիքն արդեն արել է  իրականում. դա դիրքորոշումն է։ Մենք պետք է հասկանանք, որ եթե մինչև այսօր այդ չարաբաստիկ թղթի կտորի 9-րդ կետը չի դարձել իրականություն՝ տրորելով տրամաբանությունը և ռեալ քաղաքականությունը և տրորելով ու ոչնչացնելով Հայաստանի ինքնիշխանությունը, դրա միակ երաշխավորը այդ միջազգային հանրությունն է, որին մենք պետք է գումարենք նաև Իրանը։ Իրանն էլ է այս մասով մեծ աշխատանք տարել։ Եթե միջազգային հանրությունը, Արևմուտքը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Ֆրանսիան և Իրանը չլինեին, ռուսները, թուրքերը և ադրբեջանցիները 9-րդ կետն արդեն իրականացրել էին։ Իրականում շատ մեծ դերակատարում ունեն այդ բոլոր գործոնները»,- ասաց քաղաքագետը։


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է պայմանական սահմանին ռևանշիստական ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության վերաբերյալ:


Թե ինչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում, երբ ըստ էության Բաքուն սպառնում է, քաղաքագետն ասաց, որ Հայաստանը պետք է զինվի, Զինված ուժերում պետք է իրականացնի շատ լուրջ բարեփոխումներ, ամենակարևորը՝ պետք է ստեղծի ալյանսներ՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային, որի մասնիկը պետք է դառնա, և այդ ամենն անելով՝ պետք է անընդհատ խոսի խաղաղության մասին, պատրաստակամության մասին՝ կնքելու խաղաղության պայմանագիր, խաղաղության խաչմերուկի մասին, և բոլորին ցույց տա, առաջին հերթին Ադրբեջանին, որ մենք պատրաստ ենք խաղաղության։

 


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան