Քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևան քաղաքի Ոսկերիչների փողոցում՝ վարձակալական հիմունքներով տրամադրվող գրասենյակային տարածքում, գործում է հատուկ կահավորված զանգերի կենտրոն, որում ներգրավված անձինք, չարաշահելով օտարերկրյա պետություններում գտնվող անձանց վստահությունը, հափշտակում են առանձնապես խոշոր չափերի գումարներ:
«Ձեռնարկվեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում հնարավոր եղավ պարզել նշված զանգերի կենտրոնի բուն գործունեությունը: Կենտրոնի անձինք ինտերնետային հեռախոսազանգեր էին հաստատում օտարերկյա քաղաքացիների հետ և, չարաշահելով նրանց վստահությունը, հափշտակում էին գումարներ: Ընդ որում, ենթադրյալ հանցավոր գործունեություն ծավալող անձինք տուժող քաղաքացիներին ներկայանում էին թե՛ որպես իրավաբանական ծառայություն մատուցող, թե՛ որպես իրավապահ մարմնի ներկայացուցիչ»,- ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության բաժնի պետ Հայկ Մկրտչյանը։
Զանգերի կենտրոնի թիրախում էին հայտնվում բացառապես օտարերկրյա քաղաքացիներ, հատկապես նրանք, ովքեր արդեն իսկ դարձել էին խարդախության զոհ: Ձեռք բերելով անհրաժեշտ տեղեկություններ` կապ էին հաստատել տուժած անձանց հետ, ներկայացել իրավապահ գերատեսչության աշխատակից ու իրավաբանական ծառայություն մատուցող կազմակերպության անդամ, հայտնել, թե իբր իրենց կազմակերպությունն իրականացնում է հափշտակված ֆինանսական միջոցների բռնագանձման և վերադարձի գործընթաց, և դրա համար տուժած անձինք պետք է վճարեն տարաբնույթ միջնորդավճարներ: Ստացված տեղեկությունների ուսումնասիրությամբ պարզվել են հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունը, դերային բաշխման մեխանիզմը, հանցավոր մեխանիզմի շրջանակներում օգտագործվող կեղծանունները: Մինչ ոստիկանները ստուգում ու ճշտում էին ստացված տեղեկությունները, կազմակերպության ղեկավարները հանցավոր գործունեության բացահայտումը կանխելու նպատակով գրասենյակը տեղափոխում են Երևանի Հակոբ Հակոբյան փողոցի բազմաֆունկցիոնալ մի շինության 4-րդ հարկ:
«Ունենալով ամբողջ տեղեկատվությունը` մեր կողմից հաղորդում ներկայացվեց Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ»,-ասել է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության բաժնի պետ Հայկ Մկրտչյանը:
Քրեական վարույթի շրջանակում իրավապահների համատեղ գործողություններն իրականացվեցին հնարավորինս արագ: Խուզարկությունը կեսգիշերից քիչ անց կատարելու որոշման պատճառներից մեկն էլ այն էր, որ ժամային գոտիների տարբերությունը հաշվի առնելով` հանցավոր կազմակերպության անդամները օտարերկրացի պոտենցիալ տուժողների հետ կապ էին հաստատում հենց գիշերը: Եվ սա իրավապահների գործողություններն արագացնելու միակ պատճառը չէր:
Խուզարկության արդյունքում և հետագա գործողություններով պարզվեց նաև, որ հանցավոր կազմակերպությունը հարկային մարմիններից թաքցրել է իրական գործունեության տեսակն ու եկամուտների չափը, որով խուսափել է հարկային մի շարք վճարումներից` պետությանը պատճառելով նյութական վնաս:
Ներկայումս ոստիկանությունն ակտիվ համագործակցում է օտարերկրյա իրավապահ մարմինների հետ` հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիներին հայտնաբերելու նպատակով:
Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են: