Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնն է, որ երբևէ տեսել եմ․ Դանիայի հավաքականի մարզիչ
Դանիայի ծանրամարտի հավաքականի մարզիչ Անդերս Բենդիկսը Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը դասում է ամենաբարձր մակարդակով անցկացվող առաջնությունների շարքին: 

«Դեռևս շատ բան չենք տեսել Երևանում, բայց իսկապես վայելում ենք օրերն այստեղ: Մայրաքաղաքը իսկապես գեղեցիկ է: Իսկ ինչ վերաբերվում է կազմակերպչական աշխատանքներին, ապա սա լավագույն առաջնությունն է, որը ես տեսել եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա: 

Դանիացի մասնագետի խոսքով` ինքը մասնակցել է 40-50 տարբեր առաջնությունների աշխարհի տարբեր երկրներում, և երևանյան առաջնությունը կազմակերպչական առումով բարձրակարգ է համարում բոլոր կողմերով հանդերձ, մասնավորապես՝ հանրահռչակման, մարզման պայմանների, կամավորների աշխատանքի, հյուրանոցների առումով:

Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի Հայաստանը կընդունի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, և այդ դեպքում իրենց համար հաճելի կլինի կրկին վերադառնալը։

Նրա խոսքով՝ Դանիան այնպիսի լավ ցուցանիշներ չունի ծանրամարտում, ինչպիսին ունի Հայաստանը, բայց իրենց նպատակ է ավելի ու լավ շատ փորձ կուտակել ու ծանրամարտում գրանցած արդյունքներով մոտենալ Հայաստանին ու այս մարզաձևից ուժեղ մյուս երկրներին: