Ադրբեջանը խաղում է բացարձակապես Ռուսաստանի դաշտում՝ ընդդեմ Արևմուտքի, մինչդեռ Թուրքիայի խաղը բացահայտ հակաարևմտյան չես համարի։ Այս մասին
Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ՄԱԱՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։ Ըստ նրա՝ Փաշինյան-Էրդողան հանդիպումն էլ, որը կայացել էր Նյու Յորքում, ավելի շատ Էրդողանին
էր պետք ու սա արվում էր Ադրբեջանին ինչ-որ բաներ ցույց տալու համար։
Սաֆարյանը՝ անդրադառնալով պաշտոնական Երևանի առաջարկին՝ ուղղված
Ադրբեջանին, ԱԳ նախարարների մակարդակով նոր հանդիպում կազմակերպել և լուծել խաղաղության
պայմանագրի չլուծված հարցերը, որակեց որպես Երևանի վերջին ճիգեր՝ Ադրբեջանին բանակցային
դաշտ բերելու։ «Ադրբեջանը խռովել է աշխարհից, խռովել է Եվրոպայից և թանկացնում է իր
գինը», - ասաց քաղաքագետը։
Ըստ նրա՝ Ալիևը մերժելու է Երևանի առաջարկը։
Անդրադառնալով Մեթյու Միլլերի հայտարարությանը՝ Սաֆարյանն այն
գնահատեց վատը ու լղոզված․ «Միլլերը փորձում է ցույց տալ, որ կողմնակալ չէ։ Միաժամանակ
ասում է, որ ԱՄՆ-ն սպասում էր, որ խաղաղության պայմանագիրը պետք է ավելի վաղ ստորագրվեր»։
ԱՄՆ-ի կողմից՝ խաղաղության պայմանագիրը մինչև նոյեմբեր ստորագրելը
այլևս առաջնահերթություն չէ՝ ըստ քաղաքագետի։
Սաֆարյանը նշեց, որ Ռուսաստանը և Ադրբեջանը չթողեցին, որ ԵՄ
դիտորդները մուտք գործեն Հակարիի կամուրջ։ «Մեր պատմական բարեկամը նախընտրեց կործանել
Արցախը, չթողեցին միջանցք մտնել դիտորդներին, որը նրանք կարող էին բացել։ Սկզբնական
շրջանում Ալիևը համաձայնություն է տվել։ Սա ասում եմ ԵՄ-ի շատ բարձրաստիճան պաշտոնյայի
կողմից տրամադրված ինֆորմացիայի հիման վրա։ Ալիևը սկզբից համաձայնել է, ապա՝ մերժել,
որովհետև հասկացել է, որ Ռուսաստանի հետ կստանա ամբողջը»։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան