Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամերիկյան Politico պարբերականի հետ զրուցել է առաջիկայում Վրաստանում կայանալիք ընտրությունների և իր ծրագրերի մասին։ Լրագրողի հարցին, թե ինչն է իրեն ամենից շատ անհանգստացնում, Վրաստանի նախագահը պատասխանել է. «Այն, որ մենք բաց թողեցինք (Եվրամիության հետ) բանակցություններ սկսելու առաջին շանսը»։
«Եթե եվրոպամետ ուժերն ու կուսակցությունները, որոնք ստորագրել են Խարտիան, հաղթեն ընտրություններում, ես, հավանաբար, նրանց հետ կլինեմ, որպեսզի այս Խարտիան բերեմ հաջորդ Եվրոպական խորհրդին և ապահովեմ բանակցությունների մեկնարկը ինչ-որ դիրքից, որը դեռ պետք է որոշել», - ասել է Զուրաբիշվիլին:
Սալոմե Զուրաբիշվիլին
ընտրություններն անվանել է «էքզիստենցիալ», սակայն զգուշացել է արդյունքները
կանխատեսել, գրում է Politico-ն։ Միաժամանակ նա նշում է, որ «Վրացական երազանքի»
համար «բավականին դժվար» կլինի վերականգնել հարաբերությունները արևմտյան
գործընկերների հետ։
«Նրանց համար շատ դժվար կլինի վերականգնել ինչ-որ
հարաբերություն Եվրամիության և իրենց ամերիկացի գործընկերների հետ այն
հարձակումների քանակից հետո, որոնք նրանք անում են»:
Վրաստանի նախագահը
հերթական անգամ քննադատել է իշխող «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր
նախագահ Բիձինա Իվանիշվիլիին. «Ես չեմ կարող տրվել դավադրության տեսություններին,
թեև դա կարող է լինել պլանը… Հավանաբար (Բիձինա Իվանիշվիլիի) կապերը Մոսկվայի հետ
դեռ գոյություն ունեն և ավելի ամուր են դառնում»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: