«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով նախորդ օրը տեղի ունեցած հանրային լսումների ընթացքում բանավեճին՝ ասաց, որ լսումների ողջ բովանդակությունը ստվերվեց այդ բանավեճով, ինչն անթույլատրելի էր։ Ըստ պատգամավորի՝ պետք է միջադեպին գնահատական տրվի։ «Կուսակցական վերահսկողական կառույցները ուսումնասիրություն են անում և վարչապետին կզեկուցեն։ Մենք նաև ԱԺ-ում անելիք ունենք, որպեսզի հետագայում նման դրսևորումները թույլատրելի չլինեն»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Անդրադառնալով արդեն ընդդիմության հրավիրած լսումներին,
որոնք Հռչակագրին էին վերաբերում, պատգամավորն ասաց՝ միշտ ասվել է, որ որոշ քաղաքական
գործիչներ սինխրոն են աշխատում Ադրբեջանի հետ։
Բագրատ Գալստանյանը ԱԺ ամբիոնից հայտնեց նաև, որ
իրենց հաջողվել է կասեցնել անկլավների հանձնումը։ Անդրանիկ Քոչարյանը սա բայղուշություն
որակեց։ «Եկել է այստեղ ու աղոթքից բացի՝ ի՞նչ արեց։ Բացի բայղուշությունից՝ անկլավների
հետ կապված ի՞նչ արեց։ Համոզված եմ՝ եթե երկար մնա, բավականին շատ անորոշ մտքեր կարտահայտի
ու նորից կանհետանա»,- ասաց Քոչարյանը։
Նա նկատեց՝ եթե Գալստանյանին հաջողվել է կասեցնել
անկլավների հանձնումը, Սահմանադրություն փոխելը, ապա ստացվում է՝ ամեն ինչ հաջողվել
է։ «Ինքը, պարզվում է, բեթմենն է։ Էլ ինչի՞ սրբազան շարժում։ Պետք է ասել գերմարդկային
Բագրատ Գալստանյան։ Փաստորեն ամեն ինչ լուծել է, մենակ չկարողացավ իշխանությունը զավթել»,-
ասաց պատգամավորը։
Քոչարյանը, արձագանքելով հնարավոր իշխանափոխությունից
հետո իրենց թիմի փախչելուն, քաղաքական ապաստան հայցելուն, ասաց. «Ես Կանադայի քաղաքացի
չեմ։ Այ թող ինքը ասի՝ ինչո՞ւ է պահում Կանադայի քաղաքացիությունը։ Թող կողմնորոշվի՝
Կանադայո՞ւմ է, թե՞ այստեղ։ Թող Կանադայի անձնագիրը դներ, նոր գար այստեղ։ Մեր հայրենիքը
մի հատ է, պահեստային օդանավակայաններ մեզ պետք չեն»։
680 հազար քաղաքացիներին ուղղված վիրավորանքին էլ
Անդրանիկ Քոչարյանն այսպես պատասխանեց. «Դա հոգևորականի խո՞սք է, թե՞ չար մարդու, նենգ
մարդու, բայղուշի խոսք է։ Մեկ մարդն էլ արժեք է։ Ինքը 680 հազար մարդու ճակատագիրը
դնում է զոհասեղանին։ Նրանց կամքը, նրանց կամքի դրսևորումը։ Էլ չի հասկանում, որ առանց
որևէ հավաքական կամքի դրսևորման որևէ պետություն չի կարող գոյատևել»։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան